Վահրամ Դումանյանը լրագրողներին հորդորեց ԲՈւՀ-երի շենքերի վաճառքի մասին հարցերն ուղղել Փաշինյանին
Կրթություն, գիտություն
18:11 31/03/2021
Հայաստան

Վահրամ Դումանյանը լրագրողներին հորդորեց ԲՈւՀ-երի շենքերի վաճառքի մասին հարցերն ուղղել Փաշինյանին

«Ես կուզեմ, որ շրջանառվող գաղափարը դառնա իրականություն՝ մեր երազած ստեղծագործական միջավայրով։ Չկա հստակ վայր, կա այն անելու հաստատուն կամք՝ կարևորելով ոլորտը»,- հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով ԲՈւՀ-երի շենքերը վաճառելու և այդ գումարով ակադեմիական քաղաք կառուցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը վերաբերող հարցին:

Նա հավաստիացրեց, որ շենքային կառույցներին որևիցե վտանգ չի սպառնում, նման որոշում  չկա, այլ կա գաղափար:

Նախարարի կարծիքով՝ խնդիրը շենքը չէ, այլ՝ նոր շենքերն են և նոր քաղաքը։

«Չենք կարող «նկուղային» պայմաններում ժամանակակից բարձրագույն կրթություն ապահովել։ Հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում՝ ինչ-որ շենք ծախելու, անկախ նրանից՝ այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չէ»,- հայտարարեց Դումանյանը և  վստահեցրեց, որ չի կարող գոյություն ունենալ ԵՊՀ շենքի վաճառքի որոշում:

Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ իրավասու չէ վարչապետի հայտարարությունը հերքել կամ հաստատել և լրագրողներին հորդորեց հարցը Նիկոլ Փաշինյանին ուղղել՝ հավաստիացնելով, որ նա ավելի հստակ կբացատրի, թե ինչ է ասել։

Նախարարի պատկերացմամբ՝ եթե իրականություն դառնա այդ գաղափարը, շատ ԲՈւՀ-երի մոտ բնական ցանկություն կառաջանա տեղափոխվել այդ գեղեցիկ վայրը, և այն շենքերը, որոնք այլևս ոչ նպատակահարմար կլինեն բուհական կրթություն իրագործելու համար, կարելի է և՛ վաճառել, և՛ ներդնել:

Դումանյանը հավաստիացրեց, որ, եթե բոլոր շենքներն էլ վաճառվեն, գումարը չի բավարարելու քաղաքի գաղափարն իրականություն դարձնելու համար, քանի որ լրջագույն ներդրումներ են անհրաժեշտ։
 

Placeholder
Վահրամ Դումանյանը լրագրողներին հորդորեց ԲՈւՀ-երի շենքերի վաճառքի մասին հարցերն ուղղել Փաշինյանին