Այս իշխանությունը տկար է, չի կարող իր ծրագրերը բուհի հետ իրականացնել և նման շատ այլ փաստեր. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
Կրթություն, գիտություն
14:34 01/04/2021
Հայաստան

Այս իշխանությունը տկար է, չի կարող իր ծրագրերը բուհի հետ իրականացնել և նման շատ այլ փաստեր. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

Այսօր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայացել, քանի որ հոգաբարձուների խորհրդի կառավարության անդամները չեն ներկայացել: Օրակարգում են եղել  բուհի տարեկան հաշվետվության ներկայացում, ռեկտորի ընտրության գործընթացին վերաբերող հարցեր և այն:

Նիստը չկայանալու, նիստին հոգաբարձուների խորհրդի կառավարության անդամների չներկայանալու ու դրա հնարավոր պատճառների մասին Panorama.am-ը զրուցել է Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի հետ:

Panorama.am-Դավիթ, ինչո՞ւ համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստին կառավարության անդամները չեն մասնակցել, որևէ պատճառաբանություն ներկայացե՞լ էին:  

Դ.Ափոյան- Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից՝ կառավարության ներկայացուցիչներ և բուհի կողմից առաջադրված անդամներ: Այսօր ոչ կառավարության ներկայացուցիչները, ոչ էլ լիազոր անդամները՝ 16 հոգի, որևէ մեկը ներկա չէր:
Երբ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն ուղարկում է նիստի ծանուցումը, նշվում է, որ պետք է նիստից 1-2 օր առաջ պատասխանել՝ արդյոք ներկա կգտվեն նիստին, թե ոչ, որպեսզի հասկանանք՝ նիստը կայանում է, թե ոչ: Իշխանության կողմից ներկայացված անդամներից որոշներն ընդհանրապես չէին պատասխանել, որոշները համաձայնվել էին ներկա լինել: Բայց այսօր առավոտյան համաձայնվողներից մի քանիսը զանգել և ասել էին, որ չեն գալու, կամ առանց տեղյակ պահելու չէին եկել: Այս ամեն ինչը խոսում է  այն մասին, որ այստեղ կա կազմակերպվածություն: Այսինքն այս բոյկոտը՝ չգիտեմ ում դեմ, երևի իրենք իրենց  պատասխանատվության դեմ բոյկոտ են անում, կազմակերպված բնույթ է կրում: Նույնիսկ մամուլում կարդացի, որ իշխանության առաջին դեմքի մակարդակով  հանձնարարական է եկել, որ չմասնակցեն:

Այս մարդիկ պետք է հասկանան, որ իրենք այդ քայլեով ոչ թե մի փոքրիկ պատասխանատվությունից են փորձում խուսափել, այլ երկարաժամկետ ու խորը վերք են թողնում մեր պետության հենասյուներից մեկի՝ Մայր բուհի ճակատագրի վրա: Այն, ինչ իրենք անում են, չի մոռացվելու: Այն, ինչ իրենք քանդում են, կառուցվել է տասնյակ տարիների ընթացքում, իրենք քանդում են մեկ փոքրիկ քայլով: Դրանք անում են թե հանձնարարականով, թե պատահական պատճառներով, կապ չունի, դա չի նշանակում, որ հետագայում այդ մարդիկ կարող են արդարանալ, թե այսպես ստացվեց:

Այս մարդիկ մեկ մարդու նման կազմ պատրաստ, շարված են լինում այստեղ, երբ որ իրենց հետաքրքրող հարցեր են քննարկվում, երբ իրենց պետք է: Չեմ բացառում, եթե օրակարգում միգուցե ներառված լիներ բուհի գլխավոր մասնաշենքի վաճառքի հարցը, մի մարդու նման ներկա գտնվեին ու պայքարեին այդ հարցն անցկացնելու համար: Երբ նայում ենք մեր նիստերի ընթացքը, դա է վկայում.  երբ օտարում էին Բյուրականի ուսումնա-արտադրական բազան, իշխանական ողջ կազմը մարտական տրամադրվածությամբ կանգնած էր, որ այդ հարցը ոչ միայն օրակարգում ներառվեր, այլև հավանություն ստանար: Երբ պայքարում էին իրենց իշխանական թեկնածուին հոգաբարձուների խորհրդի  նախագահ անցկացնելու համար, կազմ պատրաստ կանգնած էին:

Այսօրվա օրակարգային հարցերը պակաս կարևոր հարցեր չեն, այն հարցերն են,  որ հոգաբարձուների խորհրդի ցանկացած անդամ պետք է ողջախոհություն դրսևորի ու իր անձնական, քաղաքական շահերը դնի մի կողմ, մասնակցի դրանց քննարկմանը՝ բուհի տարեկան հաշվետվություն, ռազմավարական ծրագերի հաստատում, ռեկտորի ընտրություն, որը երկու-երեք տարի  ձգձգվում է: Ինչի՞ց եք խուսափում, ինչո՞ւ չեք գալիս:

Աբսուրդային է: Հոգաբարձուների խորհրդի անդամը չի կարող այսպես անտարբեր վերաբերվել այս հարցերին: Այդ մարդիկ չեն պատկերացնում իրենց վրա դրված պարտականությունը, դրա համար են այդպես անում:

Վերջին երկու տարիներին ինչքան ցած է իջել այն կորը, որը համալսարանի վարկանիշն էր պահում վերևում, համալսարանի արժեքը որպես ազգային արժեք ոտնատակ է արվում: 

Իմ կոչն է գիտակից, բարոյական հանրությանը, որը մեր հենասյունն է, մեր ազգն առաջ տանելու լոկոմոտիկվն է  հանդիսանալու, իրենք բարոյական պատասխանատվության են ենթարկելու այս մարդկանց: Այն մարդիկ, ովքեր բուհն այս վիճակին են հասցրել, իրավունք չեն ունենալու պարզ ճակատով պտտվել բուհի տարածքով, հասարակության մեջ խոսել բարոյական արժեքներից:

Panorama.am-Ի՞նչով եք բացատրում իշխանության այս վերաբերմունքը Մայր բուհի նկատմամբ, ի՞նչ նպատակներ են հետապնդում:

Դ. Ափոյան-Ինչքան հնարավոր վատ նպատակ կա, կարող եմ ես կապել, բոլորի ապացույցները կարող եմ ներկայացնել: Նախ այս մարդիկ արժեզրկում են բուհը, չարացած են բուհի հանդեպ, կարող եմ տաս փաստ բերել, որ հենց այդպես է:

Եթե ասեմ, որ այս իշխանությունը տկար է, չի կարող իր ծրագրերը բուհի հետ իրականացնել, էլի կարող եմ տաս փաստ բերել, որ այս իշխանությունը տկարություն է դրսևորել ու վախենում է  այս պատասխանատվության տակ մտնելուց, որովհետև երևի մտածում է, որ ռեկտոր չեն կարող ընտրել այն մարդուն, ով իրենց ներքաղաքական շահերը կսպասարկի: Ու նման շատ փաստեր:

Panorama.am-Հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ կկայանա:

Դ. Ափոյան- Մենք դիմեցինք քարտուղարին, որ հաջորդ նիստը հնարավորինս շուտ նշանակվի: Հույս ունեմ 1-2 շաբաթվա ընթացքում կունենանք նոր նիստ, գոնե այդ ժամանակ ներգրավածություն լինի:

Panorama.am-Իսկ ի՞նչ եք մտածում Երևանի բուհերի շենքերը վաճառելու և մարզերում ակադեմիական քաղաքներ կառուցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին:

Դ. Ափոյան –Այդ հարցին չանդրադառնամ, որովհետև ցենզուրայի մեջ այդ հարցին չես կարող արձագանքել:

Panorama.am-Շնորհակալություն զրույցի համար:

 

Placeholder
Այս իշխանությունը տկար է, չի կարող իր ծրագրերը բուհի հետ իրականացնել և նման շատ այլ փաստեր. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ