Վանո Սիրադեղյանը կենդանի դասական էր, իսկ Նիկոլ Փաշինյանը դասական կենդանի է.  Արա Սաղաթելյան
Քաղաքական
10:32 01/04/2021
Հայաստան

Վանո Սիրադեղյանը կենդանի դասական էր, իսկ Նիկոլ Փաշինյանը դասական կենդանի է. Արա Սաղաթելյան

«Պետական մակարդակով քարոզել նշանակում է՝ պետական պաշտոնյաներն արտահայտում են նման դիրքորոշում: Եթե հետադարձ հայացք նետենք՝ ոչ մի թիզականությունը քաղաքացիական սեկտորի և քաղաքական ուժերի մոտեցումն էր»,-«Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդմանը տված հարցազրույցում ասում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում «ոչ մի թիզականություն» թեզին:

Նա հիշեցնում է, որ այն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ենթադրում էր 5+2:

«Այո, այդ մոտեցումը հասարակության մեջ կար, չէր քարոզվում պետության կողմից, այդ մոտեցումը ողջամիտ էր: Այս ժամանակահատվածում, երբ բոլորը տվեցին, մարդկանց՝ քաղաքացիական սուբյեկտներին, ռադիկալ քաղաքական ուժերին, հարց եմ տալիս՝ ասում էիք ոչ մի թիզ, գոնե մեկդ հուզվեիք: Իրենցից շատերն ասում են՝ նկատի ունեին ոչ մի թիզ ոչնչի դիմաց, այսինքն մենք նվեր տալու բան չունենք, մի քանիսն էլ ասում են՝ եղավ: Ստացվում է, որ հայի տեսակը շատ հարմավող է, փաստացի Նիկոլի ջանքերով դարձավ ազգային բնավորություն չունեցող մի տեսակ»:

Արա Սաղաթելյանն ընդգծում է՝ երբևէ չի եղել, որ պետական պաշտոնյան ասի ոչ մի թիզ.  «Ընդհակառակը, Սերժ Սերգսյանն անձամբ և պետական պաշտոնյաները գտնվել են հարվածի տակ, երբ ասել են՝ մենք բանակցում ենք, բանակցության բանաձևը, Աղդամը մեր հայրենիքը չէ և այլն, և այլն»:

Խոսելով ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի գործունեության մասին և արձագանքելով այն դիտարկմանը, թե նախկին ընդդիմությունը, որը հիմա  իշխանություն է, մեղադրում էր ՊՈԱԿ-ին ֆեյքեր վարելու, ֆեյքերի միջոցով հանրային կարծիք ստեղծելու, ընդդիմության վրա ցեխ շպրտելու մեջ, հիմա էլ ներկայիս ընդդիմությունը, այսինքն նախկին իշխանությունը, ներկայիս իշխանությանն է մեղադրում նույն մեղքում, ինչպե՞ս է ստացվում, որ այն ՊՈԱԿ-ը, որի ձևավորման ակունքներում կանգնած եք Դուք, ֆեյքերի հետ է ասոցացվում, Ա. Սաղաթելյանն ասում է. «Գործել է առնվազն երկու նման կառույց՝ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը,  և մի կառույց, որը եղել է կառավարությունում:

Կառույցը, որը ղեկավարել եմ ես, ֆեյքերի հետ ոչ մի կապ չի ունեցել: Իմ տեղեկություններով, կառավարության կառույցը նույնպես երբեք ֆեյքերի հետ կապ չի ունեցել, նրանց գործառույթը եղել է  կառավարության աշխատանքների պատշաճ լուսաբանում:

Երբ սկսվեց ֆեյքերի թեման, հասկացանք, որ սա նպատակաուղղված դաշտ նետվող մոտեցում է, ես և իմ նախկին գործընկերները խնդրեցինք որևէ փաստ: Ոչ մի փաստ: Նորից խնդրում եմ որևէ փաստ:

Հիմա փաստացի բաց աղբյուրներում  եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ ինչ-որ տեղեկատվական հոսքեր ուղղորդվում են հենց այդտեղից: Այսօր մեր կառույցն ու կառավարության կառուցը միացել են, բյուջեն ավելացել է, մոտ 1-1,5 միլիոն դոլար, մարդիկ չեն տեսնում՝ ինչ է ստեղծվում այդ 1,5 միլիոն դոլարով, մարդիկ ողջամտորեն ենթադրում են  և որոշ մարդիկ պնդում են, որ այդ գումարները գնում են համացանցում …

Կարծում եմ՝ իշխանափոխությունից հետո եթե այդ կառույցում  իրականացվի նորմալ աուդիտ, այդ ամենը հանգիստ դուրս կգա ջրի երես»:

Խոսելով արտահերթ ընտրությունների, ներքաղաքական իրավիճակի մասին, պատասխանելով հարցին՝ արդյոք այս ընտրությունները քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու լավագույն միջոցն են, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարն ասում է. «Ընտրությունները լավագույն միջոցը չեն: Բայց եթե  ներկայիս իշխանությունը լինի ողջամիտ, ինչում ես շատ լուրջ կասկածում եմ, նրանք կարող են հանգուցալուծել: Բայց մենք գործ ունենք սուտասան և բառադի մարդկանց հետ»:

Հաղորդավարը հիշեցնում է Վանո Սիրադեղյանի խոսքերը՝ պետությունն ուժեղ է իր բառադիությամբ, Արա Սաղաթելյանն արձագանքում է. «Եթե թույլ կտաք ճշգրտեմ՝ Վանո Սիրադեղյանն ասում էր՝ մեր ուժը  մեր բառադիության մեջ է: Եթե նայեք համատեքստին, ինքն ասել էր ՀՀՇ-ի մասին: Դա այլ ժամանակներ էին: 

Եվ հետո Վանո Սիրադեղյանը կենդանի դասական էր, ի տարբերություն նրա,  Նիկոլ Փաշինյանը դասական կենդանի է: Այսինքն  նրա մոտիվացիաները, շարժառիթները քաղաքական գործչի շարժառիթների չեն: Նա իր նպատակներին հասնելու համար ոչնչացնում է պետական ինստիտուցիոնալ համակարգը»:

Արա Սաղաթելյանն ասում է, որ նրա դեմն առնելու ճանապարհը հեռացնելն է:  

Placeholder