ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Արցախում «Իսկանդերի» կիրառման և հայ գերիների վերադարձի մասին
Քաղաքական
15:26 03/04/2021
Հայաստան

ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Արցախում «Իսկանդերի» կիրառման և հայ գերիների վերադարձի մասին

«Հաղթանակ» զբոսայգում խորհրդանշական ծառատունկի ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը չցանկացավ  մեկնաբանել առաջիկայում նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգին վերաբերող հարցերը։

«Կարծում եմ, կարելի է ենթադրել, որ քննարկումը կկենտրոնանա մեր երկկողմ հարաբերությունների առավել հրատապ հարցերի, տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: Բայց ես հիմա չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ, քանի որ ելնում եմ այն ենթադրությունից, որ, հավանաբար, մեր ղեկավարների մամուլի ծառայությունները պատշաճ ժամկետում կտրամադրեն համապատասխան տեղեկություններ»,- ասել է նա։ 

Ռուս դիվանագետն անդրադարձել է նաև երեկ Բաքվում ցուցադրված «Իսկանդեր» հրթիռային բեկորներին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, արձակվել են Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքից, չնայած որ ռուսական կողմն արդեն հերքել է այս տեղեկությունը:

«Ի՞նչ կարող եմ ավելացնել ռուսական ռազմաբազայի հայտարարությանը: Ոչինչ », - ասել է դեսպանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվան անհանգստացած է Ռուսաստանի դեմ նման քողարկված մեղադրանքներից, Կոպիրկինը ասել է. «Գիտեք,  մեղադրանքները կարող են տարբեր լինել, և մենք արդեն սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ արտահայտում են որոշակի ենթադրություններ, որոշակի մեղադրանքներ: ... Բայց կա պաշտոնական դիրքորոշում, որը միանգամայն հստակ է, և դրանով պետք է կողմնորոշվել»:

Անդրադառնալով Բաքվի այն հայտարարություններին, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, դեսպանը նշել է. «Իմ դիրքորոշումն այսպիսին է. աշխատանքները պետք է ավարտվեն, Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին ՝ աջակցելով, որ ի վերջո իրականացվի այն սկզբունքը, որի մասին մենք սկզբում խոսում էինք. բոլորը բոլորի դիմաց»:

Դեսպանը նաև նշել է, որ ռուս-հայկական քաղաքական երկխոսությունը չի կորցրել ինտենսիվությունը տարբեր մակարդակներում, այդ թվում` ամենաբարձր:

«Իմ կարծիքով, ցանկացած նախաձեռնություն, որն աշխատում է ռուս-հայկական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, դրանց հետագա ադատպացիան մեր նոր խնդիրներին և իրողություններին, կարող է միայն ողջունվել»,- ասել է ռուս դիվանագետը։ 


Placeholder
ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Արցախում «Իսկանդերի» կիրառման և հայ գերիների վերադարձի մասին