Պենտագոնը ՌԴ-ին հորդորում է հստակեցնել մտադրությունները՝ Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված
Քաղաքական
11:30 07/04/2021
Աշխարհ

Պենտագոնը ՌԴ-ին հորդորում է հստակեցնել մտադրությունները՝ Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված

ԱՄՆ-ը ամբողջությամբ չի հասկանում Ռուսաստանի մտադրությունները՝ կապված Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ուժերի տեղաշարժի հետ և հորդորում է Մոսկվային դրանք ավելի հստակ սահմանել: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, գրում է Tass-ը։

«Մտադրությունը լիովին պարզ չէ, և մենք հորդորում ենք Ռուսաստանին ավելի հստակեցնել իր մտադրությունները, թե ինչ են նրանք անում այդ ստորաբաժանումների հետ սահմանին», - ասել է նա: Ճեպազրույցի տեքստը տարածել է Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Մենք տեսանք, որ նրանք իրենց ուժերը կենտրոնացնում են հարավ-արևելքի ուղղությամբ, այդ թվում՝ Ղրիմում։ Այս պահին մեզ համար դժվար է խոսել նրանց մտադրությունների մասին: Սա մտահոգիչ է, և մենք շարունակում ենք դա վերահսկել», - ասել է Քիրբին:

Պենտագոնի խոսնակը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե Վաշինգտոնը հավատո՞ւմ է, որ ռուսական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայի արևելքում:

Երկուշաբթի Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել էր, որ Վաշինգտոնը բաց է Մոսկվայի հետ շփվելու՝ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի շուրջ: Միևնույն ժամանակ, ըստ նրա, ԱՄՆ-ը «հավաստի» է համարում Ռուսաստանի զորքերի տեղաշարժի մասին հաղորդագրությունները Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև Ղրիմում: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը ևս Ռուսաստանին կոչ է արել «զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման»:

Իրավիճակը Ուկրաինայի արևելքում

Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական ուժերի կուտակման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ, վերջին օրերին արևմտյան երկրների ներկայացուցիչները բազմիցս մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուսական զորքերի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով չպետք է անհանգստացնի այլ պետություններին, քանի որ դա նրանց ոչ մի կերպ չի սպառնում: Նա նաև շեշտել էր, որ այն, ինչ տեղի է ունենում Դոնբասում, ներքին ուկրաինական հակամարտություն է, որին ռուսական զորքերը երբեք չեն մասնակցել:

Փետրվարի վերջին Դոնբասում իրավիճակն ավելի բարդացավ. տարածաշրջանում գրեթե ամեն օր կրակոցներ էին գրանցվում, նաև ականանետերի կիրառմամբ: Կողմերը միմյանց մեղադրում են իրավիճակի սրման մեջ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 30-ին տեսակոնֆերանս անցկացրեց իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Պուտինը մտահոգություն հայտնեց Ուկրաինայի կողմից Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ:

Placeholder
Պենտագոնը ՌԴ-ին հորդորում է հստակեցնել մտադրությունները՝ Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված