Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային. անհետ կորած զինծառայողի հայր
Տարածաշրջան
15:52 09/04/2021
Հայաստան

Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային. անհետ կորած զինծառայողի հայր

Արցախի պատերազմի հետևանքով անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողները հաստատակամ են՝ չեն հեռանա պաշտպանության նախարարության մոտից, մինչև չստանան իրենց բոլոր հարցերի պատասխանները:

«Մնալու ենք այստեղ, տուն չենք գնալու: Մենք պահանջում ենք հետ բերեն մեր երեխաներին, սակայն մեզ այս երկու օր է որևէ մեկը չի ընդունել»,- լրագրողներին ասաց ծնողներից մեկը:

Նա համոզված է, որ եթե բավարար աշխատանք տարվեր իրենց երեխաներին հետ բերելու ուղղությամբ, արդյունքի հասած կլինեին: 

«Ասում են՝ Ադրբեջանը թույլ չի տվել երեկ գերիներին հետ բերել: Անընդհատ այդ պատճառն է նշվում: Իրենք էլ թող Քելբաջարը չտային, ինչո՞ւ տվեցին: Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային»,- ասաց զինվորի հայրը:

Նա նշեց, որ որդուց լուր չկա 2020 թ. հոկտեմբերի 14-ից:

«Մեկուկես ամսվա ծառայող է եղել, տարել են դիրքեր: Որևէ մեկը դրա համար պատասխան չի տալիս:  Ենթադրում ենք՝ գերի է, քանի որ ադրբեջանական համարից զանգել ու ասել են, որ իրենց մոտ է: Եթե իրենց մոտ չլիներ, ինչպես էին զանգելու ու ասելու, կարող է ես գտած լինեի ու հուղարկավորած: Դիմել եմ ԱԱԾ»:  

Placeholder
Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային. անհետ կորած զինծառայողի հայր