Երկու զինծառայողի մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. ձերբակալվել է նույն մարզի 33-ամյա բնակիչը
Իրավունք
19:56 15/04/2021

Երկու զինծառայողի մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. ձերբակալվել է նույն մարզի 33-ամյա բնակիչը

2021թ ապրիլի 15-ին` ժամը 02:00-ի սահմաններում, «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Արամուս-Մայակովսկի ավտոճանապարհով ընթանալով դեպի Աբովյան քաղաք, վրաերթի է ենթարկել ավտոճանապարհի աջ հատվածով քայլող ՀՀ ՊՆ զորամասի 6 զինծառայողի, որի հետևանքով նրանցից երկուսը մահացել են, իսկ մյուսները, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել «Աբովյան»  բժշկական կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո «Մերսեդես E 200»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ  հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է վերոնշյալ ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ է՝ ծնված 1987թ.:  Վերջինս ձերբակալվել է՝ նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերը նշված ավտոմեքենայի վնասված դետալներ, հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Placeholder
Երկու զինծառայողի մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. ձերբակալվել է նույն մարզի 33-ամյա բնակիչը