«Մեր իշխանության կողմից բավարար աշխատանք չեմ տեսնում գերիների շուտափույթ վերադարձի ուղղությամբ»
Իրավունք
13:04 15/04/2021
Հայաստան

«Մեր իշխանության կողմից բավարար աշխատանք չեմ տեսնում գերիների շուտափույթ վերադարձի ուղղությամբ»

Այսօր աշխարհի 15 քաղաքներում անցկացվում է համաշխարհային լուռ բողոքի ակցիա` պահանջելով վերադարձնել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պատանդ պահված ավելի քան 300 հայ ռազմագերիներին և քաղաքացիներին։ Երևանում ակցիան տեղի է ունենում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

«Աշխարհի շուրջ 15 քաղաքներում իրականացվում է  լուռ բողոքի ակցիա Ադրբեջանում ապօրինի գերության մեջ պահվող հայ ռազմագերիների և Հայաստանի քաղաքացիների անհապաղ և առանց նախապայմանի վերադարձի պահանջով»,- հայտարարեց երևանյան ակցիայի կազմակերպիչը:

Նա նշեց, որ այս նախաձեռնությունը որևէ քաղաքական ուղղվածություն չունի, քաղաքացիական է: Մեկնարկը տրվում  Երևանում, տարածվում Արևմուտք: Այսօր մարդու իրավունքների հազարավոր պաշտպաններ խնդիրը բարձրաձայնելու են նաև Տորոնտոյում, Մոնրեալում, Բեռլինում, Վարշավայում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ժնևում, Հյուսթոնում, Փարիզում, Մարսելում, Մոսկվայում և այլուր՝ դուրս գալով փողոց և հնչեցնելով հայ ռազմագերիների վերադարձի պահանջը։

«Քաղաքների ցանկն ավելանալու է, սատարողների թիվն ավելանալու է: Քանի դեռ մեր հայրենակիցները չեն վերադարձել, ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանները, մեր հայրենակիցները շարունակելու են բարձրաձյանել Ադրբեջանի ապօրինությունների մասին, պահանջելու ենք հայ ռազմագերիների և Հայաստանի քաղաքացիների վերադարձը:

Պահանջում ենք գործնական քայլեր աշխարհի տերությունների ղեկավարներից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  կազմակերպություններից անհապաղ վերադարձնելու մեր հայրենակիցներին»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Ակցիային ներկա են նաև գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատներ:

«Մենք պահանջում ենք մեր գերիների շուտափույթ վերադարձ, բոլոր երկներին կոչ ենք անում միջամտեն ու մեր գերիներին ազատ արձակեն»,- ասաց ռազմագերիներից մեկի հայրը:

Նրանք խնդրում են միջազգային կազմակերպություններին՝ պատերազմի ընթացքում, հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց հետ վերադարձնեն Հայաստան, պահանջը մեկն է, իսկ Հայաստանի կառավարությանն ու ՌԴ-ին Ադրբեջանին ստիպեն նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջները լիարժեք կատարի:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ միացել է  նախաձեռնությանը, քանի որ բավարար աշխատանք չի տեսնում իշխանության, կառավարության կողմից. «Կարծում եմ՝ իրենց ամենօրյա, ամենժամյա հարցը պետք է լիներ գերիների շուտափույթ վերադարձը, որը, ցավոք, չենք նկատում: Մենք փորձում ենք մեր ուժերով դիմել տարբեր երկրներին կառավարություններին: Ակցիաները շարունակական են լինելու մինչև չհասնենք մեր ուզածին:

Չի կարելի վստահել մի պետության, որը ամեն քայլով ցույց է տալիս, որ նվաստացնում է  մարդու իրավունքներն ու արժանապատվությունը: Դա պետք է կանգնեցնել»:

Նրանք հորդրում են ՀՀ կառավարությանը  ժամ առաջ աշխատանքներն ավելացնել գերիների վերադարձի ուղղությամբ՝ հասնելու ցանկալի արդյունքի:

Ակցիայի մասնակիցները  նամակ-ուղերձ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ, այնուհետև երթով շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով: 

Placeholder
«Մեր իշխանության կողմից բավարար աշխատանք չեմ տեսնում գերիների շուտափույթ վերադարձի ուղղությամբ»