Աշխարհում հեռավար աշխատանքի մոդան զարգանում է. Վահան Քերոբյան
Կրթություն, գիտություն
11:51 15/04/2021
Հայաստան

Աշխարհում հեռավար աշխատանքի մոդան զարգանում է. Վահան Քերոբյան

«Նախագծով նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը միտված ծրագրի իրականացում»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով հերթական որոշման նախագիծը:  

Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի 6 կենտրոն մասնակցել են դրամաշնորհային մրցույթի և շահել դրամաշնորհներ նշված ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար, սակայն կովիդի  համաճարակի և պատերազմի պատճառով չեն իրականացվել:

Ըստ Դումանյանի՝ առաջարկվում է Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրել «Լոֆթ» կենտրոնին, իսկ մնացած մարզային կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրեր, որը նրանք շահել են նախորդ տարի:

ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ այդ կենտրոնների բացմանն ուղղված դրամաշնորհների նախատեսված գումարը 110 միլիոն դրամ է:

«Աշխարհում հեռավար աշխատանքի մոդան զարգանում է»,- իր կողմից հավելեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նշեց, որ այդ կենտրոնները կնպաստեն դրա զարգացմանը: Վերջինս փորձեց բացատրել, որ քաղաքացիները տանից աշխատելու փոխարեն կարող են գնալ այդ կենտրոնները և այնտեղից հեռավար աշխատանքով զբաղվեն, քանի որ այնտեղ ինտերնետն ավելի լավ է և երեխաները չեն խանգարում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նախկինում արձանագրել էին, որ մարզերում չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդությունը կարողանար հավաքվել և քննարկումներ իրականացնելու հնարավորություն ունենալ:

«Նման հնարավորությունները կառուցվում են հիմնականում ուտելիքի շուրջ»,- հիմնավորեց Փաշինյանը:
 

Placeholder