Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի
Իրավունք
15:46 17/04/2021
Հայաստան

Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Տիրան Խաչատրյանը պահանջում է ճանաչել  Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը։

Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին ապրիլի 16-ին։ 

Արշակ Կարապետյանն ապրիլի 6-ին ազատվել էր Հայաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Արդեն ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին էր ներկայացրել Արշակ Կարապետյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ առաջարկությունը:

Ապրիլի 13-ին կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է. «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»:

Արշակ Կարապետյանը մինչև 2016 թ. ապրիլ եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ևս երկու բարձրաստիճան զինվորականի հետ,  ազատվել էր  պաշտոնից։ 2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

 

Placeholder
Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի