ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ սաուդցի կանանց իրավապաշտպանը
Աշխարհում
15:22 19/04/2021

ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ սաուդցի կանանց իրավապաշտպանը

Այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին,  որը տրվում է մարդու իրավունքների պաշտպանության համար,  արժանացավ վերջերս բանտից ազատված Սաուդյան Արաբիայի ֆեմինիստական շարժման առաջնորդ Լուջեյն Ալհաթլուլը (Սաուդյան Արաբիա): Հաղթողին տրվում է 60 հազար եվրո մրցանակ։

2018-2021 թվականների ընթացքում Լուջեյն ԱլՀաթլուլը բանտարկվել էր Սաուդյան Արաբիայում այն բանի համար, որ նա խախտել էր օրենքը, որը թույլ չէր տալիս կանանց մեքենա վարել երկրում: Նրան առևանգել էին Արաբական Միացյալ Էմիրություններից, ձերբակալել և բանտարկել:

Բանտում գտնվելիս, նա ասում է, որ իրեն խոշտանգել են և սեռական ոտնձգություններ կատարել: Նա երկու անգամ հացադուլ է հայտարարել: Դրանից հետո Լուջեյնը ազատ է արձակվել բանտից, բայց գտնվում է տնային կալանքի տակ Թագավորությունում։

Մյուս երկու հավակնորդներն էին Նեպալի միանձնուհիները․ բուդդայական երիտասարդ միանձնուհիներ, որոնք խթանում են հավասարությունը, կայունությունն ու հանդուրժողականությունը Հիմալայների իրենց հայրենի գյուղերում: Երրորդը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից իրավապաշտպան Ջուլիեն Լուսենժը, որը փաստագրում է Կոնգոյում կանանց նկատմամբ սեռական բռնությունները՝ չնայած կյանքի սպառնալիքներին:

Նշենք, որ Վացլավ Հավելի մրցանակը տրվում է ամեն տարի՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Եվրոպայում և նրա սահմաններից դուրս՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար։ Մարդու իրավունքների պաշտպանության համար Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013թ․-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի և «Խարտիա-77» հիմնադրամի կողմից։

Placeholder
ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ սաուդցի կանանց իրավապաշտպանը