Իմ և ընկերոջս մարմինը քոր էր բռնել և մեր գիտակցությունները շատ վատ էին.Արմեն Ներսիսյան
Օրվա թեմա
13:31 20/04/2021
Հայաստան

Իմ և ընկերոջս մարմինը քոր էր բռնել և մեր գիտակցությունները շատ վատ էին.Արմեն Ներսիսյան

«Իմ և ընկերոջս մարմինը քոր էր բռնել և մեր գիտակցությունները շատ վատ էին»,-Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը՝ ներկայացնելով Էրեբունի  վարչական շրջանի 4-րդ զանգվածի թունաքիմիկատների գերզմանոց կատարած այցից ստացած իր զգացողությունները:

Նա հայտարարեց, որ այնտեղ նույն վիճակն է, ինչ երկու տարի առաջ կատարած այցի ժամանակ:

Նկատելով, որ երկու տարի է խոսում է այդ թունաքիմիկատների գերեզմանոցից՝ ավագանու անդամն իր գործընկերներին խորհուրդ տվեց ուսումնասիրել, թե այնտեղ թաղված ԴԴՏ թունաքիմիկատն ինչ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության վրա:

«Այդ նյութն ուռուցքածին է, մեռելածին, նրանից առաջացող շատ տարածված հիվանդություններից մարդիկ են մահանում»,- տեղեկացրեց Արմեն Ներսիսյանը:

Ավագանու անդամի տեղեկացմամբ, 5 մլն եվրո դրամաշնորհ է բերվել Հայաստան այդ թունաքիմիկատների գերեզմանոցը ոչնչացնելու համար, որից երկու տարվա ընթացքում 400 հազար եվրո ծախսվել է միայն փորձարկումների, լաբորատոր աշխատանքների վրա:

Կանխատեսելով, որ 5 տարի հետո այդ գումարից ոչինչ չի մնա և թունաքիմիկատը նորից կթունավորի Երևան քաղաքը  և գետերը՝ Ներսիսյանը կոչ արեց ուսումնասիրել խնդիրը, քաղաքապետին և ավագանու անդամներին առաջարկեց խումբ կազմել, գնալ տարածք և այնտեղ իրենց աչքերով տեսնել վիճակը:

«Քաղաքական դիվիդենտներ հավաքելու և սուր հարցեր բարձրացնելու համար չեմ սա ես ասում, այլ պարզապես մտահոգված եմ մեր քաղաքացիների առողջության համար: Պատերազմից, կորոնավիրուսից այսքան մարդիկ են մահանում, տարիներ շարունակ էլ այդ գերեզմանոցի հետևանքով են միգուցե մահացել և պետք է հարցը լրջացնել, քանի որ անձրևաջրերը լվացնում են այդ թունաքիմիկատը, լցնում Գետառը, որով Արարատյան դաշտի  հողերն են ջրվում»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Քաղաքապետա Հայկ Մարությանը հայտնեց, որ 5 միլիոն եվրոյի ԵՄ ծրագրիը կենցաղային վտանգավոր թափոններին է վերաբերում, ոչ թե գյուղատնտեսականին, իսկ Արմեն Ներսիսյանի բարձրացրած հիմնահարցը իրենց լիազորությունների մեջ չի մտնում:

Քաղաքապետը հայտնեց, որ բոլոր դեպքերում լսեց ավագանու անդամին, կփորձի գործող ծրագրից փորձագետներ ներգրավել նաև թունաքիմիկատների խնդրով խորհրդատվական օգնության կարգով, եթե, իհարկե,  վերջիններս համաձայնեն աջակցել:

Placeholder