Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
Իրավունք
17:09 22/04/2021
Հայաստան

Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը. Մեղրիի քաղաքապետի պաշտպան

«Մեղարանք դեռ չկա, կասկածանքի մասին է խոսքը, կապված է երեկ Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարաձությունների հետ և Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ըստ վարույթ իրականացնող մարմինների, ներկայացվում է  որպես կազմակերպիչ»,- քննչական կոմիտեից դուրս գալով՝ լրագրողներին ասաց Մեղրիի քաղաքապետի պաշտպան Գայանե Պապոյանը:

Նա նշեց, որ վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, պաշտպանական կողմին չի բացատրվել, թե Զաքարյանն ինչ գործողություններ  կատարելով է կազմակարպել նշված իրադարաձությունները:

«Պարոն Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նշված քրեական գործը շինծու է, քրեական հետապնդման արդյունք է, չի ընդունում կասկածանքը»,- ասաց պաշտպանը:

Մ. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1, 2, 5 կետերով: Նա ձերբակալվել է:

«Ձերբակալման հիմք, որպես այդպիսին, վարույթ իրականացնող մարմինն ընդամենը հղում է  կատարել Քրեական դատավարության օրենսգրքի ձևական իրակավական նորմին, փաստական կողմը չի բացահայտվել, որով խախտվել է կոնվենցիոն 5-րդ հոդվածով սահմանված մեր իրավունքը:

«Այսինքն, որևէ փաստ չի ներկայացվել, խնդրել ենք տրամադրեն ձերբակալման հիմքերը, սակայն ոչինչ չի ներկայացվել»,- ասաց պաշտպանը:

Գ.Պապոյանն ընդգծեց՝ ձերբակալման նպատակի մասին խոսելը ծիծաղելի է, քանի որ մարդն ինքնակամ ներկայանում է, կազմվում է արձանագրություն դրա մասին, ընդամենը րոպեներ անց դրան հաջորդում է մեկ այլ դատավարական գործողություն, որն իրենից ենթադրում է հարկադրանքի միջոց կիրառել:

«Այս տրամաբանական կապը մենք չենք տեսնում: Պատրաստվում ենք հիմա բողոքարկել ձերբակալման իրավաչափությունը»,- ասաց Մ. Զաքարյանի պաշտպանը:

 

Placeholder
Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը. Մեղրիի քաղաքապետի պաշտպան