ԱՄՀ. Հայաստանի տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս
Տնտեսություն
12:24 22/04/2021
Հայաստան

ԱՄՀ. Հայաստանի տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս

«Հայաստանի տնտեսության վերականգնումը հավանական է, որ կձգձգվի: Թեպետ վերականգնման տեմպի հետ կապված անորոշություն կա, ակնկալվում է, որ տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս, իսկ 2022 թվականին հնարավոր վերականգնումը՝ մոտ 3.5 տոկոս»։ Ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։

Հիմնադրամից մանրամասնում են, որ ԱՄՀ աշխատակազմի թիմը՝ Նեյթան Փորթերի ղեկավարմամբ, աշխատակազմի մակարդակով վիրտուալ քննարկումներ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ 2021 թվականի ապրիլի 6- 21-ի ընթացքում՝ անդրադառնալով վերջին շրջանի տնտեսական զարգացումներին, հեռանկարներին և ապագայում քաղաքականության գերակայություններին: Այցի ավարտին պարոն Փորթերը հանդես է եկել  հայտարարությամբ։

ԱՄՀ հայտարարության փոխանցմամբ, ակնկալվում է, որ գնաճն իր առավելագույնին կհասնի 2021 թվականի առաջին կեսին, որից հետո կնվազի՝ տարեվերջին հասնելով մոտ 4 տոկոսի, երբ այլևս չի զգացվի ներմուծվող պարենի գնաճի ժամանակավոր ազդեցությունը և վերջերս արձանագրված՝ արժույթի արժեզրկման հետևանքը:

«Ակնկալվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը կընդարձակվի՝ 2021թվականին հասնելով ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսին, երբ աստիճանաբար կվերականգնվեն ակտիվությունը և ներմուծումը: Ակնկալվում է, որ պահուստների մակարդակը կմնա բավարար՝ շնորհիվ նաև այս տարվա սկզբին եվրապարտատոմսերի թողարկման: Մոտ ապագայում ավելի բարենպաստ զարգացումների հավանականությունը կարող է պայմանավորված լինել պատվաստումների գործընթացի՝ ակնկալվածից ավելի արագ կազմակերպմամբ, մինչդեռ վարակման նոր ալիքները կամ համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունության խորացումը կամ առևտրային լարվածությունները կարող են դանդաղեցնել վերականգնումը և լրացուցիչ արտաքին ճնշումներ ստեղծել»,-ասված է հայտարարության մեջ։

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող դրամավարկային քաղաքականությանը՝ ԱՄՀ-ն այն պատշաճ է որակում։

«ՀՀ ԿԲ-ն նախաձեռնողաբար գործեց՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը 100 բազիսային կետերով 2020 թվականիի դեկտեմբերին և լրացուցիչ 25 բազիսային կետերով 2021 թվականի փետրվարին՝ ակնկալելով որ գնաճն ավելանալու է՝ պայմանավորված պարենի համաշխարհային գների կտրուկ բարձրացմամբ և դրամի արժեզրկմամբ: ՀՀ ԿԲն պետք է շարունակի ուշադիր հետևել գնաճի հեռանկարին և պատրաստ մնալ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելու դրամավարկային քաղաքականությունը՝ թույլատրելով, որպեսզի փոխարժեքը կատարի ցնցում կլանելու իր գործառույթը: Թեպետ ֆինանսական հատվածի լարվածության որևէ նշաններ չկան, սակայն համավարակի հետևանքները դեռևս շարունակում են ի հայտ գալ՝ ընդգծելով , որ ՀՀ ԿԲ-ն պետք է շարունակի զգոնություն ցուցաբերել իր կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության շրջանակում` անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու նպատակով: Չնայած որ չաշխատող վարկերն ավելացել են՝ հունվարին հասնելով 7.3 տոկոսի, բանկերը մնացել են լավ կապիտալացված և իրացվելի»,-նշում են ԱՄՀ փորձգետները։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ հայտարարել էր տնտեսական երկնիշ աճի հնարավորության մասին, ինչը ծաղրի առարկա էր դարձել քաղաքացիների ու տնտեսագետների շրջանում։

 

Placeholder
ԱՄՀ. Հայաստանի տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս