Արթուր Դավթյանի հերթական անակնկալը
Սպորտ
18:51 26/04/2021
Հայաստան

Արթուր Դավթյանի հերթական անակնկալը

Հայաստանում հենակետային մարզաձև է համարվում սպորտային մարմնամարզությունը: Այդ մասին մեծ նվաճումներով  փաստել են օլիմպիական խաղերի մեր անզուգական հերոսները: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվականը։

Ավանդույթը չի խախտվել նաև Շվեյցարիայի Բազելում երեկ ավարտված Եվրոպայի առաջնությունում:

Հաճելի անակնկալ է մատուցել Արթուր Դավթյանը: Նա բազմիցս մեդալներ է նվաճել միջազգային պաշտոնական մրցաշարերում, Եվրոպական խաղերում և այլուր: Բոլոր մրցանակները երևանցին նվաճել է հենացատկում: Այդ մրցաձևում նրանից մեդալ էինք ակնկալում նաև բազելյան ստուգատեսում: Բայց նա անակնկալ մատուցեց . . .  նժույգթափերում: Պարզվեց , որ ինքը ցանկացել է մեդալ նվաճել հենց ապրիլի 24 –ի օրը: Եվ նա իրենը արեց:Կեցցե’ս, Արթուր:

Նույն մրցաձևում չորրորդը ճանաչվել է թիմի նորեկ, 18-ամյա Գագիկ Խաչիկյանը: Նրան ընդամենը 033 հազարերորդական չբավարարեց բրոնզե մեդալակիր դառնալու համար:

Օղակների վրա  Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է չորրորդ, իսկ Վահագն Դավթյանը՝  ութերորդ տեղը:

Արթուր Դավթյանը նժույգթափերում նվաճած ոսկե մեդալից հետո, երևի թե լիցքաթափվել և հաջորդ օրը՝  ապրիլի 25 –ին հենացատկում լիովին չդրսևորել է իր հնարավորություններն ու  բավարարվել վեցերորդ տեղով:

Սպորտային մարմնամարզության մեր տղամարդկանց հավաքականը լիովին արդարացրել են սպասելիքները, որովհետև հինգ մասնակիցներից չորսը գերազանց հանդես են  եկել  նախնական փուլում՝  վաստակելով բարձր միավորներ և իրենց համար տեղ ապահովել  եզրափակիչում:

Գոհացրել է այն, որ թիմը համալրած  հուսալի նորեկներ Գագիկ Խաչիկյանը և Արմեն Պետրոսյանը կարող են եղանակ ստեղծել առաջիկա պատասխանատու մրցաշարերում:

Արժանին պետք է մատուցել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և նրա ղեկավարած մասնագիտական խմբին, որը նպատակային աշխատանքներ է կատարում մարզաձևի առաջընթացը շարունակելու գործում:

Placeholder