Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը քաղաքակրթական վրեժ է լուծում Հայաստանից. Արման Խաչատրյան
Մշակույթ
13:14 27/04/2021
Հայաստան

Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը քաղաքակրթական վրեժ է լուծում Հայաստանից. Արման Խաչատրյան

«Այսօր մենք մի իրավիճակում ենք, որ փորձում ենք փրկել մեր մշակութային ժառանգությունը»,-«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովից առաջ կայացած ասուլիսում ասաց  ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը:

Նա նշեց, որ հենց պատերազմի երկրորդ օրից՝ սեպտեմբերի 28-ից իրենք Արցախում մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը դարձել են օրակարգի կարևոր խնդիրներից մեկը, որպեսզի կանխեն վանդալիզմի դեպքերը, փորձեն նաև ապահովել պատշաճ պաշտպանություն:

«Այսօր հրադադարի հաստատումից գրեթե 6 ամիս անցել է, սակայն մենք տեսնում ենք, որ հուշարձանները, հայկական մշակութային  ժառանագությունը մնում է  վտանգված: Հայկական կողմի կասկածները, մտավախությունը, որ առաջին օրից հայտնում էինք, այսօր, ցավոք սրտի, հիմնավորված է դառնում, գրեթե ամեն օր ականատես ենք լինում, թե ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակադակով ինչպես են  շարունակում իրենց պայքարը ցանկացած հայկական ներկայության դեմ, պնդում են, որ հայկական եկեղեցիներն աղվանական են, բայց դրանք  որևէ  կապ չունեն ադրբեջանական  ինքնության հետ ոչ դավանաբանական, ոչ բարոյական, ոչ իրավական առումով»,- ասաց Ա. Խաչատրյանը:

ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի խոսքով, պատերազմի հետ առաձին օրից ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող այլ կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ:

«Առաջին խնդիրն է եղել, որպեսզի միջազգային  հանրության ուշադրությունը սևեռվի, թե ինչ է կատարվում Արցախում: Ադրբեջանը հսկայական ռեսուրսներ է ներդրել նաև տեղեկատվական քարոզչական  տեսակետից: Մեր խնդիրն է ոչ միայն հակազդել ադրբեջանական քարոզին, նաև ներկայացնել մեր մշակութային ժառանգությունն ինչպես Արցախում, նաև Հայաստանում:

Ադրբեջանի նման հարևան ունենալու դեպքում, հաշվի առնելով Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացման նախադեպը, մշտապես պետք է մոբիլիզացված պահենք այս խնդիրները»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անընդհատ ներկայացվել են խնդիրները, առաջարկել է Արցախ և հարակից շրջաններ ուղարկվի տեխնիկական աջակցության առաքելություն, որի առաջնային խնդիրն էր լինելու տեղում գույքագրում կատարել, ինչպիսի վիճակում էին  մշակութային հուշարձանները, առաջին քայլն էր լինելու հետագա մոնիտորինգային  համակարգ ստեղծելու համար:

«Այս առաջարկությունը ողջունվեց Հայաստանի, Արցախի, միջազգային կազմակերպությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, սակայն Ադրբեջանը կրկին իր ապակառուցողական  մոտեցման շրջանակներում սկզբնական շրջանում փորձեց ընդհանրապես մերժել առաջարկությունը, ինչին հետևեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը,  որ ադրբեջանական կողմը չի համագործակցում, այնուհետև եղան որոշակի զարգացումներ, բավականաչափ աշխատանքներ տարվեցին երկկողմ, բազմակողմ մակարդակներում: Ի սկզբանե Հայաստանը կառուցողականորեն ընդգրկված է  եղել այս ամբողջ տեխնիկական  առաքելության գործուղման պրոցեսում»,- ասաց նա:

Ա. Խաչատրյանի խոսքով, շարունակում են պնդել, որ առաքելությունը պետք է այցելի այն վայրեր, այն հուշարձանների տարածքներ, որոնք այսօր վտանգված են:

«Ադրբեջանի կողմից հայկական ժառանագության համակարգային ոչնչացման մոտեցումն ավելի շուտ քաղաքակրթական  ընտրություն է: Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը քաղաքակրթական վրեժ է լուծում Հայաստանից, ընդհանրապես հայկականությունից»,-նշեց  ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը:
 

Placeholder