Այստեղ էլ կա քաղաքական ենթատեքստ. Արթուր Դանիելյան
Քաղաքական
16:55 28/04/2021
Հայաստան

Այստեղ էլ կա քաղաքական ենթատեքստ. Արթուր Դանիելյան

«Ինձ համար անակնկալ չէր, որ Սիմոնյան Ալենի վերաբերյալ կկարճվի գործը, անակնկալ չէր, որ, փաստորեն, ես եմ միջադեպի միակ և հնարավոր մեղավորը»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողներին ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը:

Հիշեցնենք, որ այսօր կայանալու էր Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական գործի առաջին դատավարությունը: Սակայն դատական նիստը հետաձգվեց դատախազի չներկայանալու պատճառով:

«Դեպքը տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի առաջ, առաջին նիստը պետք է տեղի ունենար մեկ տարի հետո, ըստ էության, տեղի չի ունենա: Սա նույնպես ինձ համար անակնկալ չէ»,- ասաց Ա. Դանիելյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք քննչական կոմիտեի այն հայտարարությունը, ըստ որի այդ օրը Ալեն Սիմոնյանը  եղել է հոգեկան խիստ հուզումնալից վիճակում, ըստ այդմ է կարճվել քրեական գործը, նա այդ օրը այդ վիճակում գտնվե՞լ է, Ա. Դանիելյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, նա կամ վերջին հինգ-վեց տարին է գտնվել այդ վիճակում, որը սկզբից ընդդիմադիր, հետո իշխանական պրոցեսներին տրամաբանություն կհաղորդի, քանի որ այդպես ստացում է՝ օր կա երբ իրենք ընկնում են հուզմունքի մեջ, օր կա՝ ոչ: Օրինակ, երբ մեր հայրենիքը վաճառում էին, իրենց մոտ հուզմունք  չէր  առաջանում, բայց երբ որ փողոցում իրենց ողջունին  հավուր պատշաճի պատասախան են ստանում, խիստ հուզվում են»:

Նա նշեց՝ թե քննչական կոմիտեի այդ որոշումը, թե մնացած բոլոր որոշումները, թե դատարանի այսօրվա որոշումը, որը չարձանագրեց շատ պարզ և ակներև փաստ, որ դատարանի հանդեպ անարգանք է դրսևորվել, նիստի մասին պատշաճ կերպով ծանուցվել էին թե դատախազը, թե Սիմոնյան Ալենը, ոչ մեկ չի ներկայացել, ինչ որ պատճառաբանություններ են ներկայացվել:

«Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 29-ին: Ենթադրում եմ, որ այստեղ էլ կա քաղաքական ենթատեքստ: Ամեն դեպքում իշխանության ներկայացուցիչները,  ենթադրում եմ ոչ միայն գործադիր իշխանության, ուզում են սպասել ու տեսել, թե ինչ կլինի հունիսի 20-ից հետո, հետո երևի ավելի թեթև ու մաքուր խղճով դատեն կամ հակառակը»,- ասաց Արթուր Դանիելյանը:

Նա նշեց, որ վերջին կես տարում իրենց ընդդիմադիր համարող քաղաքական գրեթե բոլոր գործիչներն իրենց ելույթներում պնդում են, որ այս իշխանությունները և այս իշխանությունների կամակատարները  պետք է րոպե առաջ, օր առաջ հեռանան, պատասխանատվության ենթարկվեն, բայց ի հեճուկս այդ բոլոր կոչերի, որևէ բան տեղի չի ունենում:

«Ըստ էության, Հայաստանում այս իշխանությունների ներկայացուցիչներից ընդամենը երկու հոգի են խնդիր ունեցել փողոցներում՝  Ալեն Սիմոնյանը և Արարատ Միրզոյանը, ընդ որում Միրզոյանը ոչ քաղաքական ելույթների արդյունքում: Իմ կարծիքով, ամենակարևոր հարցը, որ բոլորը պետք է իրենց տան, թե որն է պատճառը, որ քաղաքական գործիչներն անընդհատ հայտարարություններ են անում, բայց ոչ մեկը կյանքի չեն կոչվում»,- ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը:

Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 29-ին «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա: Արթուր Դանիելյանը ծեծկռտուքից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ  Դանիելյանն ի պատասխան իր բարևի իրեն հայհոյել է, ինչից հետո Սիմոնյանը գլխով հարվածել է Դանիելյանի դեմքին։

Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ «այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտանհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկտմամբ , կատարել է խուլիգանություն,որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով»։

Placeholder
Այստեղ էլ կա քաղաքական ենթատեքստ. Արթուր Դանիելյան