Չէի մտածում, թե մեր հասարակությունը կարող է այդքան հանդուրժողական լինել ստի ու ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ. Քոչարյան
Քաղաքական
13:08 30/04/2021
Հայաստան

Չէի մտածում, թե մեր հասարակությունը կարող է այդքան հանդուրժողական լինել ստի ու ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ. Քոչարյան

«Ես չէի մտածում, թե մեր հասարակությունը կարող է այդքան հանդուրժող լինել ստի նկատմամբ, կարող ենք այդքան հանդուրժող լինել ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ: Ինձ համար բացահայտում էր»,- իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշել է, որ եթե այս երկու երևույթի նկատմամբ հանդուրժողականությունը մնա, ապա հասարակությունը երբեք չի առողջանա:

«Այդպիսի ելույթ չի ունեցել երկրի առաջին դեմքը, որից 15 րոպե անց չպարզվի, որ էլի խաբեց, էլի խաբեց, էլի շարունակում է ունենալ բավական մեծ քանակի համակիրներ: Սա նորմալ չէ:

Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի առարկա դարձնել: Առնվազն օրենսգրքում պետք է մի բան մտցնել, որ պաշտոնյան, օրենքի ուժով եթե ապացուցվում է, որ ստել է, ինքը կորցնում է պաշտոնն ու, օրինակ,  հինգ տարի իրավունք չունի որևէ պետական պաշտոն զբաղեցնել: Այսպիսի խիստ մեթոդներ է պետք է կիրառել», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Ռ.Քոչարյանը նշել է՝ շշմելու բան է, որ մարդ է նշանակվում նախարար, ով կյանքում երեք մարդ ղեկավարած չկա, աշխատանքային գրքույկ էլ չունի, քանի որ որևէ տեղ չի աշխատել ու հայտնվում է նախարարի պաշտոնում, մի քանի ոլորտ էլ միացնում են ու դառնում է 6-7 ոլորտի պատասխանատու: Դրա արդյունքը, ըստ երկրորդ նախագահի, սա է լինելու: 

«Ու դու չես տեսնում, որ ընդվզում կա հանրության կողմից: Դա նորմալ չէ», - ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է՝ մենք չենք կարող մեր հանրությունն առողջացել, եթե այս որակները չփոխենք:

Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը։

Placeholder
Չէի մտածում, թե մեր հասարակությունը կարող է այդքան հանդուրժողական լինել ստի ու ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ. Քոչարյան