Ադրբեջանը փորձում է գերիների հարցը իրավականից դարձնել քաղաքական. Արման Թաթոյան
Իրավունք
16:17 30/04/2021
Հայաստան

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը իրավականից դարձնել քաղաքական. Արման Թաթոյան

«Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և այս խնդիրն իրավականից դարձնել քաղաքական»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արման Թաթոյանն՝ անդրադառնալով հայ ռազմագերիների խնդրին:

Նա շեշտեց, որ պետք է միջազգային հանրությանն ասել, որ հակամարտությունը չի ավարտվել և Ադրբեջանում գտնվող ցանկացած մարդ ռազմագերի է:

Օմբուդսմենը նկատեց, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովորդի նկատմամբ ատելություն երբեք չի տարածել, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է տեղի ունենում:

Թաթոյանը հիշեցրեց, որ ռազմագերու նկատմամբ չի կարելի քրեական գործ հարուցել, կալանավորեն, սակայն Ադրբեջանն այն անում է միտումնավոր, հայ հասարակության շրջանում վիճակը լարված պահելու համար:

Ըստ օմբուդսմենի՝ գերիների հարցը տարբեր շահարկումներ տեղիք է տալիս, տառապանքներ է պատճառում ընտանիքներին:

«Ես անձամբ հանդիպել եմ և առանձնազրույցներ ենք վարել վերադարձած գերիների հետ, ես լիարժեք տիրապետում եմ, թե այնտեղ ինչ է կատարվում, պահվածքը, իրենց վերաբերմունքը»,-հայտարարեց Արման Թաթոյանը և նշեց, որ չի կարող այդ ամենը հրապարակել:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առաջնային համարեց համաշխարհային հանրությանը ցույց տալը, որ Ադրբեջանը վարում է այն ցեղասպան քաղաքականությունը, որը օսմանյան իշխանություններն են վարել, քանի որ դրանք բոլոր գծերով համընկնում են կրոնական  և էթնիկ ատելության երևույթների հետ:
 

Placeholder