Մարտակերտի փրկիչներից Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է
Հասարակություն
17:12 01/05/2021
Հայաստան

Մարտակերտի փրկիչներից Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի մասնակից Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է. նա կդառնար 25 տարեկան։

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր վեց զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչել է թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայել ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավասար պայքարում զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը մի քանի անգամ եղել է  որդու կռված դիրքում, պարզել որոշ հանգամանքներ ու ամենայն մանրամասնությամբ Panorama.am-ին պատմել էր այն ամենը, ինչ լսել է որդու զինակից ընկերներից, հրամանատարներից.

«Նրանք գրագետ ու համառ կռիվ են տվել, Ուրֆանյանի շնորհիվ շատ ճիշտ են կազմակերպել դիրքի պաշտպանությունը ու ամբողջ դաշտը վերցրել են խաչաձև կրակի տակ: Հրամանատարներն էլ ասում են, որ հաճախ չի ստացվում նման ձևով մարտ վարել ու մինչև վերջ տանել, բայց նրանց հաջողվել է: Երկու գրոհից հետո անգամ վիրավոր չեն ունեցել: Խրամատի ձախ հատվածում մարտը վարել է կապիտան Ուրֆանյանը, նրա կողքին եղել է Քյարամը, Անդրանիկն ու Ռոբերտը եղել են աջակողմյան հատվածում, մյուս տղաները՝  միջնամասում: Հակառակորդը հրետանի է կիրառել, ապա ծանր տեխնիկա:  Յոթ հոգով կարողացել են երկու անգամ հետ շպրտել հակառակորդին: Ուրֆանյանը  խոցել է հակառակորդի տանկն ու ականազերծող զրահամեքենան, կռվել են  թշնամու ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:  Տղաները պատմում են, որ երկրորդ գրոհի ժամանակ, ձախ կողմի խրամաբջիջից լսվել է Ուրֆանյանի ձայնը, թե՝  «ապրես Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա, էդպես պահի»:

Չորսով իսկապես մեծ գործ են արել ու պատահական չէ, որ այսօր նրանց՝ չորս եղբայրներին համարում են Մարտակերտի փրկիչներ: Նրանք պահել են դիրքը, իրենց վստահված պաշտպանական բնագիծը, ազերիների առաջ փակել են Մարտակերտ տանող  դուռը: Դրա համար ասում են՝ Ուրֆանյանի քառյակը Մարտակերտի փրկիչներն են»։

Հայրը մեծ խոնարհումով էր հիշում Ռոբերտ Աբաջյանին, որը փորձել է փրկել վիրավոր Անդրանիկին.  «Ռոբերտը իմ տղային մենակ չի թողել, ինչպես կարող եմ մոռանալ նրա այդ քայլը: Ուրֆանյանը, Աբաջյանը, Սլոյանն ու Անդրանիկս եղբայրներ դարձան: Վերևում էլ հիմա միասին են»:

Զոհրաբյաններն ասում են՝ նրանք միասին են զոհվել՝ չզիջելով Արցախի համար կարևոր նշանակության 116 դիրքը:

Անդրանիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով:

 

 

Placeholder