Բլինկեն. ԱՄՆ-ն առայժմ կենտրոնացած չէ Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու վրա
Քաղաքական
12:11 03/05/2021
Աշխարհ

Բլինկեն. ԱՄՆ-ն առայժմ կենտրոնացած չէ Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու վրա

Միացյալ Նահանգների իշխանությունները ներկայումս կենտրոնացած չեն Չինաստանում ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու հարցը քննարկելու վրա: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք ներկայումս կենտրոնացած չենք բոյկոտի խնդրի վրա: Դա պարզապես այն չէ, ինչի մասին մենք այժմ մտածում ենք: Դեռ մեկ տարի կա», - ասել է դիվանագետը:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ հավանական է՝ ԱՄՆ-ի կողմից բոյկոտ լինի. «Երբեք ոչինչ անհնար չէ։ Ուղղակի այս պահին այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում չէ»։

Ավելի վաղ Կանադայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի քաղաքական գործիչները, ինչպես նաև տարբեր երկրների գրեթե 200 իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ կոչեր էին անում բոյկոտել Ձմեռային խաղերը, որոնք Չինաստանը կանցկացնի հաջորդ տարի: Պատճառը Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզում ՉԺՀ կողմից իրականացվող զանգվածային ճնշումներն էին:

Մինչդեռ Պեկինը, ինչպես մարտի 8-ին նշել է երկրի ԱԳ նախարարի խոսնակ Չժաո Լիջյանը, կտրականապես դեմ է սպորտի քաղաքականացմանը առանձին երկրների և կազմակերպությունների կողմից, որոնք փորձում են մարդու իրավունքները պաշտպանելու կարգախոսով խափանել խոշոր մրցումները և խառնվել այլ պետությունների ներքին գործերին:

ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես մարտի 10-ին պարզաբանել է նրա ղեկավար Սյուզան Լայոնը, չի պաշտպանում Պեկինի օլիմպիական խաղերը բոյկոտելու գաղափարը:

Placeholder
Բլինկեն. ԱՄՆ-ն առայժմ կենտրոնացած չէ Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու վրա