Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա
Մշակույթ
19:00 04/05/2021
Հայաստան

Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա

Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել կոլեգիալ փորձաքննություն Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» ստեղծագործության շուրջ։ Աշխատանքը ներկայացվելու է Պետական Տրետյակովյան պատկերասրահում կայանալիք հեղինակային հոբելյանական ցուցահանդեսին: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Թանգարանային այս նմուշն ունի  նախապատմություն. 1995 թվականին  գողացվել էր  ռուս ականավոր գեղանկարչի վերոհիշյալ՝ «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ»  ստեղծագործությունը, և դեպքից միայն  22 տարի անց, հայտնաբերվելով Ռուսաստանում և ծավալուն ու բարդ ռեստավրացիոն աշխատանքներից  հետո, ի վերջո վերադարձվել Հայաստան՝ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու)։

Աշխատանքը ստեղծվել է 1891-ին Մ.Լերմոնտովի մահվան 50-ամյակի կապակցությամբ հրատարակվող նրա ստեղծագործությունների լիակատար ժողովածուի՝ մասնավորապես «Դևը»  պոեմի նկարազարդման համար։

Ռուսական սիմվոլիզմին վերագրվող «Դևը  և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործության սյուժեն պոեմի վերջաբանը ներկայացնող նկարազարդումն է։ Ֆիգուրատիվ երկպլան հորինվածքի առաջին պլանում գլուխն ափերի մեջ առած դևի նստած ֆիգուրն է, իսկ խորքում ՝ Թամարին գրկի մեջ առած հրեշտակի ողջ հասակով պատկերված թույլ նշմարելի  կերպարանքը։ Ողջ հորինվածքը ներկայացված է միագույն գունաշարով , սակայն նրբերանգային հարուստ հնարքների կիրառմամբ։

Բացահայտելով պոեմի սյուժեն ոճական բազմաբնույթ արտահայտչամիջոցների շնորհիվ ՝ շեշտադրվում են կերպարների հակադիր բնույթները. մուգ գունաշարով կառուցված են դևի հոգեկան տառապանքներն ու հակասական ապրումները ներկայացնող մարմնեղ ֆիգուրը, իսկ լույսով ողողված ետին պլանում հրեշտակի և Թամարի մեկ ամբողջություն դարձած խաղաղ ու անվրդով ՝ ընդհանուր ֆոնին գրեթե ձուլված , ապանյութական ու եթերային միաձույլ պատկերն է։

Ողջ հորինվածքը դրամատիկ հնչեղությամբ է՝ մեկնաբանված սիմվոլիստական խորհրդաբանության համատեքստում։

Կտավը գնահատվել է 25 միլոին դրամ: 

Placeholder