Պատվաստվելուց մարդը չի դառնում վարակակիր
Առողջություն
16:35 05/05/2021
Հայաստան

Պատվաստվելուց մարդը չի դառնում վարակակիր

«Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց մարդը չի կարող վարակվել ու վարակը փոխանցել շրջապատի մարդկանց:  Այս պատվաստանյութի դեպքում կենդանի մասսայի հետ գործ չունենք, ընդհանրապես կենդանություն չկա այստեղ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Նա բացատրեց, որ եթե  սպիտակուցային է, կորոնավիրուսի առանձին հատվածներ, ենթամասնիկներ են, եթե նույնիսկ վեկտոր պատվաստանյութ է, այնտեղ չբազմացող ադենովիրոսի վրա կոդավորված է կորոնավիրուսի առանձին հատվածներ, այսինքն մեջն ընդհանրապես կենդանի մասսա չկա, մարդը չի էլ կարող վարակվել կորոնավիրուսով:

«Պարզապես պատվաստման արդյունքում առանձին կոդավորված ենթամասնիկները մտնում են մարդու օրգանիզմ, վարժեցնում իմուն համակարգը, որ մարդու իմուն համակարգը ճանաչի հակածիններին, եթե բնական ճանապարհով հանդիպի, անմիջապես արագ արձագանքի: Սա ընդամենն իմուն համակարգին վարժեցնելու պրոցես է»,- ասաց Գ. Սահակյանը:

Պատվաստվելուց հետո զգացվող թուլությունը, մկանային ցավը, ըստ մասնագետի, նշանակում է, որ իմուն համակարգը գործում է, արդեն ճանաչում է ներմուծված հակածնին, առանձին հատվածներին, հակամարմիններն են առաջանում:

«Պաշտպանողական մեխանիզմն է գործում: Ջերմությունն է փոխվում, սկսում է ջերմությունը բարձրանալ, որովհետև հակամարմիններ են սկսվում արտադրվել, լիմֆոցիտներն են շատանում, դրա արդյունքում ջերմային ռեակցիան որպես պաշտպանողական ռեակցիա է դրսևորվում, իսկ ջերմային ռեակցիայի ժամանակ օրգանիզմը որոշակի թուլանում է»,- նշեց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով, եթե արդեն պատվաստումից հետո առաջին 20 օրվա ընթացքում մարդը վարակվում է կորոնավիրուսով, նշանակում է, որ վակցինան չի հասցրել աշխատել. «Մեկ պատվաստումից հետո մեկ ամսվա ընթացքում է իմուն համակարգը քիչ-քիչ արձագանքում ու ձևավորվում: Դրանից հետո եթե օրգանիզմը կհանդիպի կորոնավիրուսին՝ կամ ընդհանրապես չի վարակվի կամ շատ թեթև, անախտանիշ:

Գ.Սահակյանի ներկայացրած տվյալներով, մայիսի 3-ի դրությամբ Հայաստանում 5000 մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Եվ «Sputnik-V»-ով, և «AstraZeneca» -ով պատվաստվածները գերթե հավասար են:

Մանկաբույժ, «Ուիգմոր»  կլինիկայում իմունիզացիայի ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ պատվաստվե՞լն է ավելի ուժեղ իմունիտետ ստեղծում, թե՞ կորոնավիրուսով հիվանդանալը: Նա նշեց, որ բնական ինֆեկցիայից հետո իմունային պատասխանը մոտավորապես 3-6 ամիս կարող է տևել, դա էլ  կախված՝ ինչքան ծանր են տարել, ինչպես է օրգանիզմն արձագանքել:

«Բայց էլի չգիտենք՝ արդյոք դա կպաշտպանի մարդուն հաջորդ վարակից»,- նշեց բժշկուհին:

Նրա խոսքով, պատվաստումներից հետո իմունային պատասխանը մոտավոր 9 ամսից 1 տարի կարող է տևել:

«Բայց այդ բոլոր տվյալները նախնական են, դեռ երկար ժամանակ պետք է անցնի վերջնական թվեր ունենալու համար:

Ամեն դեպքում հին կորոնավիրուսներից հետո, որոնք միշտ ունեինք, սեզոնային, վերին շնչուղիների հիվանդություններ էին առաջացնում, իմունիտետը կարճ էր, մոտ 3 ամիս, մարդ կարող էր տարեկան մի քանի անգամ հիվանդանալ»,- ասաց Լիլիթ Մարությանը:
 

Placeholder
Պատվաստվելուց մարդը չի դառնում վարակակիր