Իշխանությունները զգացին՝ կարող է իրենց նպատակն ուշանա, այդ պահին հենց այդ որոշում կայացրեցին. ԵՊՀ արհմիության ղեկավար
Կրթություն, գիտություն
17:50 06/05/2021
Հայաստան

Իշխանությունները զգացին՝ կարող է իրենց նպատակն ուշանա, այդ պահին հենց այդ որոշում կայացրեցին. ԵՊՀ արհմիության ղեկավար

«Ամենամեծ խնդիրը բուհական ինքնակառավարման իսպառ ոչնչացումն է»,- ԵՊՀ գիտխորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ արհմիության ղեկավար Արմեն Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարության որոշումը, ըստ որի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում նվազեցվում է պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը, ի՞նչ խնդիր է առաջացնում:

Նա նշեց, որ գոնե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով կառավարության և ԵՊՀ ներկայացուցիչների հարաբերակցությունը 5/4 էր, 5՝ իշխանության կողմից, 4՝ համալսարանի, նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

«Քանի որ իշխանությունները զգացին, որ կարող է իրենց նպատակն ուշանա, չհասցնեն, այդ պահին որոշում կայացրեցին և  նվազեցրեցին և հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը, և տոկոսային հարաբերակցությունը»,- ասաց նա:

Ա. Ավետիսյանը մանրամասնեց, որ նախկինում ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում բուհի ներկայացվածությունը 50 տոկոս էր՝ 25 տոկոս պրոֆեսորադասախոսական կազմ, 25 տոկոս՝ ուսանողություն,  կառավարության նոր որոշմամբ պրոֆեսորադասախոսական կազմը 10 տոկոս է դառնում, այսինքն՝ 15 տոկոսը տրվում է կառավարությանը, և ԵՊՀ-ն 50 տոկոսի փոխարեն ունենալու է 35 տոկոս ներկայացվածություն, եթե որոշումն իրագործվի:

«ԵՊՀ գիտական խորհուրդն այսօրվա նիստի ժամանակ իր հստակ դիրքորոշումը հայտնեց կառավարության որոշման հետ կապված, նիստի ժամանակ հայտարարություն ընդունվեց և դրա հետքերով գնալու ենք: ԵՊՀ-ն, հայտարարության համաձայն, դիմելու է  Մարդու իրավունքների պաշտպանին՝ վիճարկելու կառավարության որոշումը, թեև այսօր արդեն Ազգային ժողովում Արման Թաթոյանը հայտարարեց, որ դիմելու է ՍԴ այդ որոշման հետ կապված, նաև ԵՊՀ-ն քայլեր կձեռնարկի ինչ որ ձևաչափով դիմելու վարչական դատարան վիճարկելու ԵՊՀ հետ կապված կառավարության որոշումը, որով հոգաբարձուների խորհրդի անդամների թվաքանակն է նվազեցվել և համամասնությունն է խախտվել»,- ասաց նա:

ԵՊՀ արհմիության ղեկավարն ընդգծեց՝ կառավարության այդ որոշումը միջամտություն է ԵՊՀ-ի ինքնակառավարմանը, հակասում է ՀՀ Սահմանադրությանը բուհական ինքնավարության մասով:

Placeholder