ՄԻՊ-ը Բաքվում սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակի վերաբերյալ նոր զեկույցը կուղարկի միջազգային կառույցներին
Իրավունք
10:09 06/05/2021
Հայաստան

ՄԻՊ-ը Բաքվում սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակի վերաբերյալ նոր զեկույցը կուղարկի միջազգային կառույցներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է. 

««Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»

Այսպես եմ վերնագրել ՀՀ մարդու իրավունքների  պաշտպանի այս նոր արտահերթ զեկույցը (անգլերենով):

Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված Ռազմավարի պուրակը ադրբեջանական ընկալումներում:

Ստորև այդ ընկալումների  մի քանի օրինակ`
1. Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն:
2. Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են:
3. Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է:

4. Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
5. Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի:
6. Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:

Այսինքն` այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն:

Զեկույցը ներկայացնում է նաև միջազգային մարմինների և լրատվամիջոցների հրապարակային դատապարտող հայտարարությունները պուրակի վերաբերյալ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում»: 


 

Placeholder
ՄԻՊ-ը Բաքվում սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակի վերաբերյալ նոր զեկույցը կուղարկի միջազգային կառույցներին