«Լավ, եկեք դիալոգի չվերածենք, հա». Դումանյանը հանդիպում է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին
Կրթություն, գիտություն
13:20 10/05/2021
Հայաստան

«Լավ, եկեք դիալոգի չվերածենք, հա». Դումանյանը հանդիպում է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին

«ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ցանկություն է  հայտնել հանդիպել ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ։ Նման ցանկություն ունեին նաև գիտական խորհրդի անդամները։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ մեր ցանկությունները համընկնում են»,- հանդիպման մեկնարկին ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

«Մասամբ»,- հնչեց դահլիճից։

Դումանյանը ցանկացավ ճշտել, թե «մասամբը» ո՞ր մասով է։ 

«Խորհրդի մի մասի ցանկությունն էր, ամբողջինը չէր»,- բացատրեց Գ. Գևորգյանը։

Վահրամ Դումանյանն ասաց, որ հասկացել է՝ այս հանդիպման կարիքն, իրոք կա, չնայած չի կարծում, որ բարդ բաներից պետք է խոսեն։

«Ուզում եմ բարձրաձայնել ու հանրայնացնել իրականությունը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԵՊՀ  գիտական խորհուրդը արտահերթ նիստ էր հրավիրել ու իրենց դժգոհությունը հայտնել կառավարության որոշումից, ըստ որի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում նվազեցվում է պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը, ի՞նչ խնդիր է առաջացնում:

«Այս փոփոխությունը, որը ներկայացված է e-draft-ում և կառավարության ընդունած որոշումն ընդամենը մեկ հարցի շուրջ է, որը քննարկվել է բազմիցս Ազգային ժողովում, ռեկտորների մոտ։ Այլ հարց է, որ մի մասն ընդունում է, մեկը՝ ոչ։ Հարցը հետևյալն է՝ այո, ովքեր պետք է լինեն հոգաբարձուների խորհրդում։ Ես չեմ թաքցրել, հիմա էլ չեմ թաքցնում, իմ պատկերացրած հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ։ Չպետք է լինեն ուսանողներ, դասախոսներ, այլ հոգաբարձուներ։

Իհրակե, մեր երկրում դժվար է գտնել այն հոգաբարձուները, որոնք ունեն այն ֆինանսական, գործնական հնարավորություններ, որոնց մեկ որոշումը կարելի է լրջագույն փոփոխություն կատարել տվյալ հիմնադրամում, մեծ ներդրումներ կատարվեն։ Ընդունում եմ, մեր երկրում դժվար է գտնել։ Մենք անձեր ենք նշանակում։ Ես 9/0 կողմնակիցն եմ եղել, ասել եմ ԱԺ-ում։ Քաղաքական քննարկումներում իմ առաջարկը չի անցել, ...»,- ասաց Դումանյանը՝ ներկայացնելով, թե ինչ փոփոխություններ են նախատեսել և ինչու։

Սակայն գիտխորհրդի անդամները դժգոհեցին, որ 1 ժամ ժամանակ ունեն, լավ կլինի հարցեր ուղղեն նախարարին։

Գ.Գևորգյանն ասաց. «Նա ներկայացնում է իր տեսակետը, թե ինչ է եղել»։

«Ես շատ եմ լսել ձեզ, ընդ որում՝ նույն մարդկանց, խնդրում եմ թույլ տվեք ես ներկայացնեմ իրականությունը։ ... Լավ եկեք դիալոգի չվերածենք, հա՞»,- ասաց Դումանյանը։

Placeholder