Համալսարանը կատաստրոֆայի առաջ իմ պատճառով չի կանգնած. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
Կրթություն, գիտություն
15:45 10/05/2021
Հայաստան

Համալսարանը կատաստրոֆայի առաջ իմ պատճառով չի կանգնած. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

«Ասում եմ՝ պատճառն իմ մեջ է, երկար մտածել եմ ու գրել հրաժարականի դիմում»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ԵՊՀ-ում գիտական խորհրդի և ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշեց, որ պետք չէ իր այդ քայլը կապել որևէ բանի հետ. «Որ օրն էլ գրեի, այդ օրը երկրում ինչ որ մի բան կկատարվեր։ Մեծ ցանկության դեպքում կարելի էր կապել դրա հետ։ Ասում եմ՝ պատճառն իմ մեջ է, երկար մտածել ու գրել եմ։ Հիմա  ինչի հետ կկապեք, ոնց կկապեք, ձեր երևակայության արդյունքն է և իրավունքը մտածել ինչպես ուզում եք»։

Գիտխորհրդի անդամներից մեկն ասաց, որ տեսնելով, թե նրա հրաժարականի դեպքում ինչ է կատարվում, պետք է հետ վերցնել։

«Հիմա   համալսարանը  կանգնած  է կատաստրոֆայի առաջ»,- նշեց ԵՊՀ գիտխորհրդի անդամը։

«Համալսարանը կատաստրոֆայի առաջ իմ պատճառով չի կանգնած, ասել եմ՝ դիմումը հետ չեմ վերցնի, բայց իրավունք ունեմ  պաշտոնավարել մինչև օրինական ճանապարհով իմ դիմումի ընդունումը։ Օրինական  ճանապարհով իմ դիմումը կարող է ընդունվել հոգաբարձուների խորհրդով։

Աշխատանքային օրենսգրքով  սահմանված է իմ իրավունքը՝ եթե մեկ ամսում դիմումը չի ընդունվում, կարող եմ թողնել, գնալ, ասում եմ՝ այդ իրավունքից չեմ օգտվելու»,- ասաց Գ. Գևորգյանը։

«Ոչ մեկը չի ասում հետ վերցրեք, միջոցներ ձեռնարկեք համալսարանում այս վիճակը չլինի»,- արձագանքեցին դահլիճից։

Placeholder