Գանգես գետից 96 մարդու դի է դուրս բերվել. նրանք, ենթադրաբար, մահացել են կորոնավիրուսից
Աշխարհում
11:23 12/05/2021
Աշխարհ

Գանգես գետից 96 մարդու դի է դուրս բերվել. նրանք, ենթադրաբար, մահացել են կորոնավիրուսից

Այսօր Հնդկաստանի Ուտար Պրադեշ և Բիհար նահանգների իշխանությունները հայտնել են, որ Գանգես գետից դուրս են բերել 96 մարդու դիակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչները հայտնել են գետում մոտ 100 դիակի հայտնաբերման մասին, որոնք, ենթադրաբար, մահացել են կորոնավիրուսից: Ըստ տեղի բնակիչների՝ Գանգեսում մարմիններ նետելու պատճառը Հնդկաստանում դիակիզման կամ թաղման արարողությունների կազմակերպման բարձր գինն է՝ COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճի ֆոնին: Երկրի իշխանությունները պահանջել են անհապաղ դադարեցնել Գանգեսում մահացածների մարմիններ նետելը:

Նախօրեին Բիհարի իշխանությունները հայտնել էին Գանգեսից 71 մարդու մարմնի դուրսբերման մասին, նահանգի ոստիկանությունը սկսել էր հետաքննել միջադեպը: Իր հերթին, Ուտար Պրադեշի իշխանությունները մանրամասնել էին, որ գետից դուրս են բերել 25 դի:

Հիշեցնենք՝ Հնդկաստանն աշխարհում կորոնավիրուսակիրների թվով երկրորդն է: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 23,3 միլիոնը: Ապաքինվել է ավելի քան 19,3 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 254 հազար մարդ:

Placeholder
Գանգես գետից 96 մարդու դի է դուրս բերվել. նրանք, ենթադրաբար, մահացել են կորոնավիրուսից