Այս տարվա ամենապահանջված մասնագիտությունները
Կրթություն, գիտություն
13:56 14/05/2021
Հայաստան

Այս տարվա ամենապահանջված մասնագիտությունները

Բուհերի ընդունելության քննության հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվել է, արդեն պատրաստվում են քննություններին: ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասուլիսում ասաց, որ հայտերի ընդունման ժամկետում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը, որևէ խնդիր, որևէ խափանում չեն ունեցել, 24-ժամյա ռեժիսով դիրմորդները կարողացել են առցանց հայտագրվել:

Քննությունները կազմակերպվելու են երկու փուլուվ: Նա նշեց, որ միայն նախորդ տարի էր ընդունելության քննությունը մեկ փուլով: ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, առաջին և երկրորդ փուլերի ավարտից հետո անցկացվում է մրցույթ:

«Երկրորդ փուլը նախատեսում ենք բանակից զորացրվածների, սփյուռքից եկած հայրենակիցների համար, նաև այն դիմորդների, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողացել հայտագրվել առաջին փուլի ժամանակ: Երկրորդ փուլի հայտագրումը կայանալու է հունիսի 26-ից հուլիսի 1-ը»,- ասաց Կարո Նասիբյանը:

Առաջին փուլն ավարտելուց հետո, նրա ներկայացմամբ, ունեն հետևյալ պատկերը՝
Հայաստանում միասնական քննություն հանձնողների թիվը 10 հազար 957 է, Արցախում՝ 529:

«Արցախի Հանրապետությունում քննությունը կազմակեպվում է նույն թեստերով, ինչ Հայաստանում, հետևաբար, նրանց քննության օրը նույնն են, ինչ Հայաստանում»,- հայտնեց ԳԹԿ փոխտնօրենը:

Նա տեղեկացրեց, որ միասնական քննություն հանձնողների ընդհանուր թիվը կազմում է 11  հազար 486 դիմորդ, ներբուհական  քննություն հանձնողների թիվը՝ 1899 (ներբուհական    քննություն հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի  բնագավառի բուհերի դիմորդները), բանավոր քննություն հանձնողներ թիվը, ներառյալ  ստեղծագործական աշխատանքը, 854:

Նասիբյանի խոսքով, ամենաշատ դիմորդները «Մաթեմատիկա» առարկայից են քննություն հանձնելու, բացառությամբ Արցախի և Տավուշի մարզի (գերակշռում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնողների թիվը), այնուհետև «Անգլերեն», «Հայոց լեզու և գրականություն»:

«Այս տարի 2019 թվականի և նախորդ տարիներ նման չէ, միասնական 3 քննությունից հանձնում են 2: Դիմորդներին տրված է հնարավորություն՝ ընտրելու «Օտար լեզու» կամ «Հայոց լեզու»: Դիմորդների զգալի մասն ընտրել է «Օտար լեզու»: Վերլուծության արդյունքը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ «Օտար լեզու» առարկայից, մասնավորապես «Անգլերենից», ավելի բարձր գնահատական են ստանում, քան «Հայոց լեզու»: «Օտար լեզվի» քննությունն ավելի հեշտ են հանձնում մեր դիմորդները, այդ իսկ պատճառով երևի գնացել են հեշտ ճանապարհով»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

Նրա կարծիքով, այդ բացը կլրացվի, երբ »Հայոց լեզուն» պարտադիր կլինի բոլոր ընդունվողների համար: «Բարձրագույն կրթության» մասին օրենքով դա դառնում է պարտադիր:

Ինչ վերաբերում է նախընտրելի մասնագիտություններին, նա ասաց, որ ամենից շատ՝ 591 հոգի, դիմել է Բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտությամբ սովորելու համար, երկրորդ տեղում՝ 337, ԵՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ սովորելու համար են դիմել, այնուհետև ԵՊՀ «Իրավագիտություն»՝ 304, Տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»՝ 245, Բրյուսովի անվան պետական համալսարանի «Սերվիս» մասնագիտության համար՝ 245:

Կ. Նասիբյանն ասաց, որ գրեթե միշտ էլ այս մասնագիտություններն են առաջատարները եղել, բացառությամբ «Սերվիս» մասնագիտությունից:

Placeholder