Ալիևը դեմ է Հայաստանի կողմից սահմանային խնդիրները միջազգայնացնելու փորձերին
Քաղաքական
12:39 18/05/2021
Տարածաշրջան

Ալիևը դեմ է Հայաստանի կողմից սահմանային խնդիրները միջազգայնացնելու փորձերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ «Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը սահմանային խնդիրներին և այս հարցը միջազգայնացնելու փորձերը կարող են հանգեցնել լարվածության աճին տարածաշրջանում»: Այս մասին, ըստ Interfax-ի, Ալիևն ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում։

«Հայաստանի կողմից ոչ ադեկվատ արձագանքը սահմանային լարվածությանը և այս հարցը միջազգայնացնելու փորձերը կարող են հանգեցնել լարվածության աճին տարածաշրջանում: Կարևոր է բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով և բանակցային գործընթացի շրջանակներում», - ասել է Ալիևը։ 

Ալիևը համաձայնել է Սալիվանի կարծիքի հետ`Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի դեմարկացիայի- դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին և ընդգծել այդ գործընթացի իրականացման կարևորությունը` համաձայն 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության:

Ալիևն ասել է, թե Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, դրական գնահատել տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը` նշելով, որ հակամարտության ավարտից 6 ամիս անց իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում`ադրբեջանա-հայկական սահմանին, կայուն է։

Հիշեցնենք, որ Սալիվանը նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։  Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ էր համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները:
Հեռախոսազրույցները տեղի էին ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինվորները ներխուժել են Հայաստանի պետական սահմանները Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում, և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել, խորանալով ՀՀ պետական սահմանում մինչև 3,5կմ։ Հայաստանը, Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի հատմանը կտրուկ էր արձագանքել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, հայտարարելով․ «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»։

ՌԴ ԱԳ նախարոր Սերգեյ Լավրովն էլ նախօրեին հայտարարեց, թե հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ կրքեր բորբոքելու առիթ չկա։
 

Placeholder
Ալիևը դեմ է Հայաստանի կողմից սահմանային խնդիրները միջազգայնացնելու փորձերին