Ադրբեջանը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Քաղաքական
14:03 21/05/2021
Հայաստան

Ադրբեջանը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նեվիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից  տեղահանված մարդկանց և մասնավորապես ռազմագերիների իրավունքների խախտման հարցերը։ Անդրադարձ է եղել միջազգային կառույցների հետ կատարած աշխատանքին։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունները  կոպտորեն խախտում են գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, նրանց ներկայացնում են ահաբեկիչներ կամ դիվերսանտներ։ Իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում և քաղաքականացնում են հետվերադարձի գործընթացը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է Արցախից տեղահանված բնակիչների և նրանց գույքային իրավունքների հարցերը։ Տեղեկացրել է, որ Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, որում ներառված է նաև ներքին տեղահանված բնակիչների իրավունքները։ Գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ պատերազմական հանցագործությունների մասին:

Այս համատեքստում Եղիշե Կիրակոսյանը հավելել է, որ միջպետական գանգատ է ներկայացվել նաև Թուրքիայի դեմ՝ 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ինչպես նաև Բաքվին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ։

Placeholder
Ադրբեջանը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ