Մենք բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի. Խոսրով Հարությունյան
Քաղաքական
14:14 22/05/2021
Հայաստան

Մենք բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի. Խոսրով Հարությունյան

«Ռազմական գործողությունների ակտիվ փուլը կարծես թե ավարտվել է, բայց պետք է փաստենք, որ այն շարունակվում է և մենք բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի»,- «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի անվտանգության խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Արդբեջանը օգտվում է օրվա իշխանությունների անգործությունից, և փորձում է այնպիսի ռազմավարական դիրքեր վերցնել, որոնք հետագայում սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար և եթե համարժեք և հակադիր քայլեր չկատարվեն, ապա դրանք կարող են անշրջելի  հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

Նկատելով, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձվի Արցախ-Հայաստան կապին՝ Խոսրով Հարությունյանը շեշտեց, որ այսօր առերևույթ այդ կապը չկա։

«Այն, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, կներեք, բայց դրանք այսօր լոկ դատարկ խոսքեր են հնչում»,- հայտարարեց նախկին վարչապետը և կարծիք հայտնեց, որ դրանց պետք է տրվի տնտեսական, քաղաքական և ռազմական նոր գնահատականներ։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այսօր տարածաշրջանը հայտնվել է որակապես նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում, հետևաբար՝ առկա են նոր սպառնալիքներ Հայաստանի համար։

Ըստ նրա՝ պետք է վերաիմաստավորվի այդ կոնֆիգուրացիայում Հայաստան-Արցախ անվտանգային նոր հայեցակարգը՝ դինամիկ զարգանալու համար անշրջելի երաշխիքներ ստեղծելու համար։

«Որևէ պարագայում եռակողմ հայտարարությունը չի կարող դառնալ Արցախի խնդրի կարգավորման մեծ պայմանագրի իրավական կարկասը»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը՝ միևնույն ժամանակ չժխտելով փաստաթղթի դերը արյունահեղության դադարեցման մեջ, բայց և պահանջելով, որ այդ սկզբունքը հաշվի առնվի հետագա անվտանգային հարցերի գնահատման ժամանակ։

Placeholder
Մենք բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի. Խոսրով Հարությունյան