Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ-ն արգելեց բելառուսական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ օդանավակայաններ ու իր օդային տարածքով
ԵՄ գագաթնաժողովը որոշում կայացրեց արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել Եվրամիության օդային տարածքով, ինչպես նաև խորհուրդ տվեց, որ եվրոպական փոխադրողները հրաժարվեն Բելառուսի օդային տարածքում թռչելուց: Այս մասին ասվում է երկուշաբթի երեկոյան ընդունված ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ, որը պատասխան էր բյուջետային իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի Բելառուսում հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպին: Այս մասին գրում է Tass-ը։
Այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, այն դեռ պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ խորհրդում։
Բացի այդ, գագաթնաժողովը որոշում կայացրեց անհապաղ նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, պահանջեց ազատ արձակել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչին և դիմեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը` հետաքննելու ինքնաթիռի հարկադիր վայրէջքի դեպքը` Չիկագոյի կոնվենցիայի խախտման առումով, ինչպես նաև օդանավի և դրա ուղևորների անվտանգության համար ռիսկեր ստեղծելը:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։
Հաղորդվում է, թե նրան կարող է սպառնալ մահապատիժ։ Ռոման Պրոտասևիչը Nexta նախագծի հեղինակներից է, որը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։
Այն երկրում ճանաչվել է որպես օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն և արգելված է, իսկ դրա հեղինակներ Ստեփան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը ընդգրկված են ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև երկրի իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ: