ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Մինսկի գործողությունները
Քաղաքական
11:04 27/05/2021
Աշխարհ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Մինսկի գործողությունները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնց միացան Իռլանդիան, Նորվեգիան, Բելգիան, Գերմանիան և Էստոնիան, դատապարտել են Բելառուսում Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպը` այն անվանելով «սպառնալիք» եվրոպական անվտանգությանը: Այս մասին գրում է Euronews-ը։

ՄԱԿ ԱԽ-ն պահանջում է համապարփակ հետաքննություն վարել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից:

ՄԱԿ-ում Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնն ասել է․ «Մենք կշարունակենք մեծացնել ճնշումը պաշտոնական Մինսկի վրա, այդ թվում` սահմանափակող միջոցների օգնությամբ, որպեսզի այս երկրի իշխանությունները պատասխանատվություն կրեն կատարվածի համար: Մենք դատապարտում ենք նման գործողությունները, որոնք ուղղված են խեղդելու խոսքի ազատությունը»:

Երկուշաբթի օրվանից Բելառուսի երկինքը փակ է եվրոպական ավիափոխադրողների համար, իր հերթին երկրի ավիաընկերությունները զրկված են Եվրամիության տարածքում գտնվող օդանավակայաններից օգտվելու հնարավորությունից: Այս որոշումներն ընդունվել են միաձայն ԵՄ անդամ 27 երկրների գագաթնաժողովում:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող ինքնաթիռում կային երկու ընդդիմադիր լրագրողներ՝ Բելառուսի քաղաքացի Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգան:  Ռումբի կեղծ ահազանգի միջոցով ինքնաթիռը իջեցվել է Մինսկում, որից հետո Պրոտասևիչն ու Սապեգան ձերբակալվել են և բերման ենթարկվել։ Դատարանը երկուսի համար էլ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը՝ առայժմ երկու ամսով:

Placeholder
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Մինսկի գործողությունները