ԱՄՆ պետդեպը՝ Ադրբեջանին․ Անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր
Քաղաքական
23:22 27/05/2021
Տարածաշրջան

ԱՄՆ պետդեպը՝ Ադրբեջանին․ Անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն  է տարածել Ադրբեջանի կողմից 6 հայ զինվորների գերեվարման հետ կապված։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ին անհանգստացնում են վերջին զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների կալանավորումը:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը:

Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս ձերբակալվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած բոլոր ձերբակալվածներին մարդասիրաբար վերաբերվելու պարտավորությունների մասին:

ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը սահմանը սահմանազատելու համար և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը:

Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ին իրենց դիրքերը: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ին իրենց դիրքերը, և ողջունում ենք այդ նպատակի վերաբերյալ հայտարարությունները: Այս գործողությունները կթուլացնեն լարվածությունը և տարածք կստեղծեն խաղաղ բանակցային գործընթացի համար՝ սահմանն անհապաղ սահմանազատելու համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին:

ԱՄՆ-ը կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,-ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
 

Placeholder
ԱՄՆ պետդեպը՝ Ադրբեջանին․ Անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր