Ազատամուտցի ազատամարտիկը չի պատկերացնում ադրբեջանցիների հետ հարևանությամբ ապրելը
Քաղաքական
10:46 31/05/2021
Հայաստան

Ազատամուտցի ազատամարտիկը չի պատկերացնում ադրբեջանցիների հետ հարևանությամբ ապրելը

«Անկլավների հանձնման մասին մայիսի 19-20-ին տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքը, բովանդակային առումով չի հերքվել, ձևական հերքում է եղել, թե՝ եթե փաստաթուղթ չկա, ուրեմն չկա նման բան, բայց էլիտայի երկրորդ շերտից լսել ենք այդ արտահոսքի բովանդակությունն արդարացնող թեզեր, եղել են իշխանական գործիչներ, որոնք թվարկել են հենց այս անկլավների տարածքները»,- Տավուշի մարզ լրագրողների այցի ժամանակ հայտնեց «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր Էդգար Էլբակյանը՝ խոսելով Ազատամուտ համայնքի խնդիրների մասին:

Նկատելով, որ շրջանառվող սահմանագծման թեզի հիմքում ընկնելու են ոչ միայն Խորհրդային միության քարտեզը, GPS-ը, այլև աշխարհագրական նպատակահարմարությունը՝ Էլբակյանն ասաց. 

«Եթե Հայաստանը կապիտուլացված երկիր է և թշնամին կարողանում է ուժի սպառնալիքով իր կամքը պարտադրել, ապա աշխարհագրական նպատակահարմարությունը նույնպես կարող է նրանց շահերին ծառայեցվել, այսինքն՝ կարող են բուն հայկական տարածքներից ճանապարհ խնդրել դեպի  հնարավոր ադրբեջանական անկլավները, որպեսզի տեղի բնակիչները գան ապրեն»:

Քաղաքագետը հայտնեց, որ եթե հիմք վերցվի  GPS-ային սահմանագծումը, կամ ԽՍՀՄ ԳՇ վերջին թողարկման քարտեզն, ապա ստացվում է, որ ՀՀ-ի և նախկին ադրբաջանական Բարխուդարլուի անկլավի միջև սահմանագծման պատճառով Ազատամուտ համայնքի երեք շենքեր անցնելու են ադրբեջանական կողմին, իսկ սահմանն անցնելու է ավանի բազմաբնակարան շենքերի կողքով:



Էդգար Էլբակյանը պատմեց, որ խորհրդային երկու անկլավները՝ Բարխուդարլուն և Սոֆուլուն 19-րդ դարում են ձևավորվել, երբ քոչվորներն անցնում էին նստակյաց կյանքի և 1887 թվականի քարտեզներում դրանք արդեն կային: Սակայն մինչև 1929 թվականը, երբ դեռևս ԽՍՀՄ միութենական հանրապետությունները չկային, այլ գործում էր խորհրդային Անդրֆեդերացիան, այս համայնքների շուրջ էլի վեճեր են եղել և դրանք մտցվել էին Դիլիջանի գավառի մեջ:

Ըստ նրա՝ 1929-1945 թվականներին, երբ Անդֆեդերացիան լուծարվել է և Խորհրդային միությունում ձևավորվել են հանրապետությունները, Ադրբեջանին հաջողվել է իրենց շահերն առաջ տանել և հասնել նրան, որ այդտեղ անկլավ լինի:

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիրը տեղեկացրեց, որ Ազատամուտը ստեղծվել է 1970 թվականին, որպես բանավան, որտեղ միայն բազմաբնակարան շենքեր են և այն բնորոշ է պլանային տնտեսություն ունեցող երկրներին, երբ նման բնակավայրեր էին կառուցվում գործարանների շուրջ:

Նրա խոսքով՝ բանավանի ստեղծման մյուս նպատակն այն է եղել, որ երկու ադրբեջանական գյուղեր շատ մոտ չլինեն, և խուսափեն հետագա խնդիրներից:

«Շատ հաճախ մենք Խորհրդային Հայաստանի իշխանություններին անուն ենք դնում, բայց նրանք ավելի ազգային քաղաքականություն էին վարում, քան հիմա և այն ժամանակվա ղեկավարները մտածել են հետագա խնդիրների մասին»,- հայտնեց Էլբակյանը:

Ըստ նրա, այդ տարածքի կորուստը Հայաստանի համար ոչ միայն անվտանգային հետևանքներ կունենա, ազգային պետականությանը, արժանապատվությանը և ինքնությանը լուրջ հարված կհասցվի, այլև ազատամուտցիները տարրական կենսաապահովման միջոցներից կզրկվեն, քանի որ նրանք ապրում են հիմնականում բանավանին հարակից հողատարածքների շնորհիվ, որոնք կարող են անցնել Ադրբեջանին:

Տավուշի այդ հատվածում ադրբեջանական գյուղերի հայտնվելու պատմությունը ներկայացնելով՝ Էլբակյանը տեղեկացրեց, որ 17-19 դարերում ազգամիջյան բախումներ միշտ են արձանագրվել և հայերը ստիպված են եղել լեռնանտառային տարածքներում պատսպարվել, իսկ Ազատամուտի հատվածն այդպիսին չէ և ադրբեջանցիներն աստիճանաբար առաջ են եկել և հաստատվել են այստեղ:

Ըստ նրա՝ տարածքն Ադրբեջանին անցնելու դեպքում Դիտավան և Այգեպար գյուղերը կիսապաշարված վիճակում են հայտնվելու, իսկ վերջինը ճխլվելու է անկլավների միջև և պարպվելու է:

Ազատամուտցի ազատամարտիկը Panorama-ի հետ զրույցում հայտնեց, թե չի պատկերացնում՝ ինչպես են ապրելու ադրբեջանցիների հետ հարևանությամբ և միանգամից շեշտեց, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանի դավաճանության մեջ է, նրան պետք է արագ հեռացնել, որպեսզի կանխվեն հետագա պարտությունները:

44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնեց, որ ռազմական գործողությունների ժամանակ իրենց դավաճանել են ամենաբարձր մակադակով և պատերազմի ելքն ի սկզբանե է որոշված եղել:

Panorama-ի մեկ այլ զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, հայտնեց՝ տեսել է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցներն ինկասացիայի մեքենայով Ջրականից տարհանում Աշոտ Փաշինյանին, ուր տարել էին շատ կարճ ժամանակով:

Նա 44-օրյա պատերազմը մեծ դավաճանություն որակեց, բայց և նկատեց, որ հայ զինվորի ոգին չի կոտրվել և երբևէ չի կոտրվելու, և պնդեց, որ պարտությունների շղթան կտրելու համար պետք է Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից:

Placeholder
Ազատամուտցի ազատամարտիկը չի պատկերացնում ադրբեջանցիների հետ հարևանությամբ ապրելը