Ադրբեջանը լուծում է միջնաժամկետ և հեռաժամկետ խնդիրներ, մասնավորապես՝ նա պատրաստվում է հաջորդ պատերազմին. Էդգար Էլբակյան
Քաղաքական
17:10 31/05/2021
Հայաստան

Ադրբեջանը լուծում է միջնաժամկետ և հեռաժամկետ խնդիրներ, մասնավորապես՝ նա պատրաստվում է հաջորդ պատերազմին. Էդգար Էլբակյան

«Եթե Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունը ստորագրի կապիտուլյացիոն երկրորդ համաձայնագիրը, ապա Խորհրդային միության ԳՇ տոպոգրաֆիկ քարտեզով սահմանազատում կանցկացվի և կունենանք հողային կորուստներ, արժանապատվության ոտնահարում և ազգային ինքնության թուլացում»,-Տավուշի մարզ կազմակերպված լրագրողների այցի ժամանակ հայտնեց «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Նրա խոսքով՝ դեպքերի նման անցանկալի սցենարի զարգացման դեպքում թշնամուն կանցնեն երեք անկլավներ՝ Սոֆուլուն, Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը:

«Եթե վերջինս հանձնվի և ներկայիս շփման գիծն ի վնաս Հայաստանի տեղաշարժվի ներս, ապա այն ընդհուպ կմոտենա 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, իսկ Ոսկեպարը կհայտնվի աքցանի մեջ, ինչպես նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհի 2 կմ հատվածը նույնպես կանցնի թշնամու հսկողության տակ»,-հայտնեց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ այդ դեպքում Ոսկեպարը կհայաթափվի, քանի որ չի լինի անվտանգություն, բայց կլինեն գյուղատնտեսական նշանակության հողերի և ջրի կորուստներ,  իսկ գյուղի ջուրը գալիս է Վերին Ոսկեպարից:

Էլբակյանը տեղեկացրեց, որ Կիրանց գյուղում նույնպես երկու տուն անցնելու է անկլավի տարածք, ինչպես նաև շրջափակվելու է Աճարկուտ գյուղը:

«Կա ևս մեկ խոշոր վնաս՝ եթե միջպետական պայմանագրով լինում է նման սահմանագծում, ապա  տավուշյան առաջնագիծը և Արարատում նախիջևանյան առաջնագիծը քանդվում է»,- նկատեց քաղաքագետը և հավելեց, որ այն լուրջ հարված է հայոց բանակին:

Նկատելով, որ երկրորդ համաձայնագիրն ազգային նվաստացում  կլինի՝ «Հայկական նախագիծ»  ՀԿ-ի անդամը պնդեց, որ այն երկարաժամկետ նպատակ է հետապնդում Հայաստանը զրկել որևէ դիմադրողական պոտենցիալից, քանի որ դեպի Իրան և Վրաստան տանող  ճանապարհների բնականոն գործունեությունը կախված է լինելու ադրբեջանցիներից:

«Այսօր Ադրբեջանը լուծում է միջնաժամկետ և հեռաժամկետ խնդիրներ, մասնավորապես՝ նա պատրաստվում է հաջորդ պատերազմին»,- հայտնեց Էդգար Էլբակյանը և փաստեց, որ տարածաշրջանի առաջնահերթությունները պատկերացնող մարդը հասկանում է, որ առաջիկայում պատերազմ լինելու է, որը կարող է ապահովել նաև Հայաստանի ռևանշը:

Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես պետք է պատրաստվի պատերազմին, իսկ այն անհնար է առանց արցախյան հարցի վերարժևորմեն, որը պետք է արվի դիվանագիտության ոլորտում՝ վերակենդանացնելով Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:

Placeholder
Ադրբեջանը լուծում է միջնաժամկետ և հեռաժամկետ խնդիրներ, մասնավորապես՝ նա պատրաստվում է հաջորդ պատերազմին. Էդգար Էլբակյան