Կարո՞ղ է մի օր հայտարարեք ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
11:46 03/06/2021
Հայաստան

Կարո՞ղ է մի օր հայտարարեք ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ. Նաիրա Զոհրաբյան

«Այսօր Ազգային ժողովի այս դահլիճում մենք վիրտուալ իրականությունից պետք է վերադառնանք ռեալ կյանք»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այստեղ պետք է քննարկել ոչ թե օրակարգում ընդգրկված, օրինակ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունը, այլ ինչպես եղավ, որ մեր հերոս տղաների  դիակները կարոտոֆիլի նման պարկերով լցված էին ու տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան:

«Ես եղել եմ Աբովյանի դիահերձարանում և տեսել եմ այդ զարհուրելի տեսարանը: Պետք է քննարկել, թե ինչպես  եղավ, որ պատասխանատվության է ենթարկվում միայն սանիտարը և բաժնի պետը, որն, ըստ էության,  մեղավոր չէ, քանի որ Կոտայքի դիահերձարանում ընդամենը 10 դիակի տեղ կա: Հայտարարվում է՝ գիտեք, կարող  է լինեն նաև ադրբեջանցիներ: Կարո՞ղ է մի օր հայտարարեք ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, հիմա նա ամեն օր խնկարկում է դրա առաջ»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, այսօր այստեղ պետք է քննարկվեր երեկ  «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունները, որ քանի անգամ  հնարավոր էր կանգնեցնել պատերազմը,  որ ռուսական կողմն իրեն ասել է՝ ևս մի քանի ժամ և Ստեփանակերտը կընկնի, բայց Փաշինյանը հրաժարվել է Ազգային  անվտանգության խորհրդի նիստում այդ ամենը քննարկել:

«Քարոզարշավի նախաշեմին պետք է քննարկվեր մամուլում հրապարակումները, մասնավորապես, օրինակ, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մի շարք գյուղական բնակավայրերում տասնյակ  միլիանավոր դրամների սուբսիդիաներ են տրվում: Սա, ըստ էության, բյուջեի հաշվին «օրինականացված» ընտրակաշառք է, քրեական հանցագործություն է հարգարժան գյուղապետեր, համայնքապետեր, որ լրագրողների հետ  զրույցերում չեք էլ թաքցնում, որ այս ընտրություններից առաջ սա գյուղական բնակավայրերին  խրախուսելու գործիքակազմ է:

Մամուլում եղավ հրապարակում՝ Փաշինյանի կողմից ուսուցիչների, մարզիկների, գիտնականների աշխատավաձի բարձրացման խոստումներ են եղել, երբ որ առաջիկա  տարվա բյուջեում նման բարձրացումներ նախատեսված չեն: Ի՞նչ է սա, եթե ոչ ընտրական կաշառք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ իր գործընկերների հետ ստեղծել են «Ընտրությունների վերահսկման կոմիտե», հորդորում են բոլոր քաղաքական ուժերին, նաև իշխանությանը, եթե նկատեն խախտումներ, դիմեն կոմիտե, վստահեցրեց՝ որևէ ահազանգ անարձագանք չի մնա:

Placeholder