Ռուս խաղաղապահներն Արցախում դիտակետերի պաշտպանության զորավարժանքներ են անցկացնում
Քաղաքական
10:34 03/06/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահներն Արցախում դիտակետերի պաշտպանության զորավարժանքներ են անցկացնում

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները իրենց պատասխանատվության գոտում կողմերի սահմանազատման գծի երկայնքով շարունակում են ապահովել հրադադարի ռեժիմի պահպանումը և իրավիճակի վերահսկողությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժի  անվտանգությունը, Բերձորի միջանցքով սննդամթերքի և տարբեր տեսակի բեռների տեղափոխումը: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անձնակազմը պլանային եղանակով իրականացնում է նաև մարտական պատրաստության վարժանքներ՝ դիտակետի վրա հարձակումները հետ մղելու և խաղաղ բնակչության նկատմամբ խախտումները կանխելու սցենարներով: Ազդանշան ստանալուց հետո խաղաղապահները պատրաստ են առավել սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր գրավել նախապես կահավորված դիրքերում:

«Դիտակետի խնդիրն է վերահսկել եռակողմ պայմանագրի պահանջների պահպանումը, հրադադարի ռեժիմի վերահսկողությունը, տարանցիկ մեքենաների և քաղաքացիական անձանց երթևեկության անվտանգության կազմակերպումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության դեմ անօրինական գործողությունների կանխարգելումը»,-ասել է դիտակետի հրամանատար Էլբրուս Կեսաևը:

Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն արձանագրվել նաև սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների հանդեպ:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շրջանաձև դիտարկումն իրականացնելու համար:

Placeholder
Ռուս խաղաղապահներն Արցախում դիտակետերի պաշտպանության զորավարժանքներ են անցկացնում