«Հայաստան» դաշինքի ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված. Արմեն Գևորգյան
Քաղաքական
16:22 04/06/2021
Հայաստան

«Հայաստան» դաշինքի ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված. Արմեն Գևորգյան

«Բոլոր  հանգամանքները, առանձնահատկությունները հաշվի ենք առնելու: Եթե տեսնենք, որ օբյեկտիվորեն անհրաժեշտությունը չկա կամ մենք ունենալու ենք խնդիրներ, մեր ծրագրերն ըստ այդմ  կվերափոխենք»,- ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե Խծաբերդում գերեվարված տղաների ծնողները հայտարարել են, որ Շիրակի մարզում չլինի ընտրարշավ, ինչպե՞ս եք պատկերացնում նման պայմաններում այնտեղ քարոզարշավը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ իրենք պլանավորում են հանդիպել Շիրակի մարզի ընտրողների հետ՝  ներկայացնելու խնդիրները, պատասխանելու հարցերին:

«Եթե լինեն այլ մոտեցումներ, մենք արդեն կքննարկենք»,- ասաց Ա. Գևորգյանը:

Նրա ներկայացմամբ, տարբեր վայրերում նախատեսում են և դահլիճային, և բացօթյա հանդիպումներ:

«Հանդիպել եմ մեր մարզային ակտիվների հետ, մեր գործընկերները, տարօրինակ է, բայց նախընտրում են դահլիճային հանդիպումներ, այդպես հնարվոր է լինում հարց ու պատասխանի ձևաչափով անմիջական շփում ունենալ դաշինքի ներկայացուցիչների, ղեկավարների հետ»,- ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավարը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել՝ արդյոք դաշինքի  բոլոր երեք առաջնորդներն էլ միաժամանակ լինելու են մի տեղում, թե առանձին-առանձին են անելու քարոզչությունը, բայց նախընտրում են, որպեսզի միաժամանակ մի քանի տեղում դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավ իրականացնեն:

Խոսելով դաշինքի ծրագրի մասին, որը մանրամասն ներկայացվել է մայիսի 29-ին, Արմեն Գևորգյանն ասաց, որ, իր պատկերացմամբ, ամբողջ ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված՝ խաղաղություն, կրթություն, արդարություն:

«Այս երեք բանաձևերի շուրջ  ուժեղ Հայաստան ունենալն է»,- ընդգծեց նա:

Արմեն Գևորգյանը միաժամանկ նշեց, որ ուզում է մի շոկով կիսվել, որն առավոտյան է ապրել. «Սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել գործող  վարչապետի պաշտոնակատարի գրքից որոշ հատվածներ, եթե այդ հատվածներով պետք է այսօրվա աճող սերունդին մեծացնենք, այդ մոտեցումները սերմանենք իրենց, դա կոչվում է այլասերություն, ուրիշ ոչ մի ձև դա չի կոչվում»:

Լրագրողի հարցին՝ արդյոք, կոնկրետ լրատվամիջոցների դեպքում, գրաքննություն է գործելու, եթե  Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, կարծեք նման ակնարկներ կան, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Գրաքննության առումով այսօրվանից վատ հաստատ չի լինելու»:

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ տարածքում գտնող 1000 ադրբեջանցների դուրս բերումը, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավարն ասաց, որ իշխանություններն են համարկեպվել նրանց՝ երկրի տարածքում գտնվելու փաստին:

«Աշխարհում նմանտիպ հարցերը լուծվում են խելամիտ բանակցություններով, ուրիշ տարբերակ չկա, հակառակն ավելի վտանգավոր տարբերակներ են:

Մարդիկ պետք է բանակցեն, բանակցողներն էլ պետք է գիտակցեն, թե ինչի, ինչ նպատակի շուրջ են բանակցում: Համոզված եմ, որ մեր բանակցողները ոչ այն ունեն, ոչ էլ կարողություններ»,- ասաց նա:

Միաժամանակ ընդգծեց՝ պետք է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ այս հանգրվանում հայտնվեցինք:

«6-7 ամիս ժամանակ ենք ունեցել, ոչ մեկին հիմա դա չի անհանգստացնում: Հիմա քննարկում են՝ իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի հնարավորության դեպքում այս հարցը լուծի: Բա այսօրվա իշխանություններն ի՞նչ են անում, որ այս հարցը չլիներ, հիմա էլ այս վիճակում չհայտնվեինք ու լուծումների մասին չմտածեինք: Բոլոր նմանտիպ հարցերի լուծումները բացառապես պետք է լինեն խելամիտ, ռացիոնալ, պետության շահերից բխող բանակցություններով»,- ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Placeholder
«Հայաստան» դաշինքի ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված. Արմեն Գևորգյան