Սիրիայի հիվանդանոցներից մեկում հրետակոծության զոհերի թիվը հասել է 15 մարդու
Քաղաքական
11:34 14/06/2021
Աշխարհ

Սիրիայի հիվանդանոցներից մեկում հրետակոծության զոհերի թիվը հասել է 15 մարդու

Սիրիայի հյուսիսում՝ Աֆրին քաղաքի հիվանդանոցներից մեկին հասցված հրթիռային հարվածի արդյունքում զոհերի թիվը հասել է 15-ի: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է «Associated Press»-ը՝ վկայակոչելով սիրիացի պաշտոնյաներին:

Աֆրինը գտնվում է Թուրքիայի կողմից աջակցվող ընդդիմության վերահսկողության տակ: Երկու հրթիռները, որոնք նախօրեին հարվածել են հիվանդանոցին, վնասել են ծննդատունը և վիրաբուժական բաժանմունքը, իսկ մեկ հրթիռը ընկել էր կլինիկայի վրա:

Հրթիռակոծության ժամանակ բժշկական հաստատությունն ընդունում էր հիվանդների, 43 մարդ վիրավորվել էր: Հիվանդներն ու վիրավորները տարհանվել են այլ հիվանդանոցներ:

Աֆրինի հիվանդանոցը սպասարկում է տարածաշրջանի 350 000 մարդու:

Նախնական տվյալներով հրետանին կրակ է բացել այն տարածքից, որտեղ տեղակայված են կառավարական զորքերն ու քրդական խմբավորումները: ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտեց հրետակոծությունը և կոչ արեց Սիրիայում պահպանել զինադադարը:

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը Սիրիայում քրդական խմբավորումներին մեղադրել է հարձակում կազմակերպելու մեջ: Իր հերթին, «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կազմակերպությունը, քրդերի գլխավորությամբ, հերքել են իրենց մասնակցությունը հրետակոծությանը:
 

Placeholder
Սիրիայի հիվանդանոցներից մեկում հրետակոծության զոհերի թիվը հասել է 15 մարդու