ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
16:57 15/06/2021
Հայաստան

ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան

Արցախի առաջին  նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ։

«Մանդատը սահմանափակված է ժամկետներով։ Ի՞նչ է լինելու հետո, որևէ մեկը չգիտի։ Խաղաղապահների մանդատի ապագա անորոշությունը ամենամեծ խնդիրն է։ Ես կարծում եմ, որ այդ մանդատը պետք է լիներ անժամկետ, ժամկետներ չնշվեին»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը ռուսական պետական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, եթե չորս ու կես տարի անց Ադրբեջանը դեմ արտահայտվի ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Ռուսաստանը ստիպված է հեռանալ այնտեղից։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Ղարաբաղում բոլոր պլանավորումները սահմանափակված են այդ ժամկետով։

«Մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց ապագան։ Դա առաջացնում է բազմաթիվ հարցեր ու մեծ անհանգստություն»,- նշել է նա։

Խոսելով խաղաղապահների առաքելության արդյունավետության մասին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, այն փաստը, որ խոշոր բախումներ չեն եղել, վկայում է այն մասին, որ կողմերը Ռուսաստանին վերաբերում են հարգանքով։

«Խաղաղապահ առաքելությունն էլ, ակնհայտ է, աշխատում է այնպես, որ իր գործունեությամբ վաստակում է այդ հարգանքը»,- ասել է նա։

Placeholder
ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան