Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունու ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Քաղաքական
10:20 16/06/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունու ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները լուծում են հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման և Արցախի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Տեղեկատվության մեջ ասվում է, որ Մարտունու շրջանում, ռուս խաղաղապահներն ապահովել են երկու բնակավայրերի ջուր ապահովող ջրատարի անցկացման աշխատանքների անվտանգությունը:

«Աշխատանքներ են տարվում Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանային վարչակազմի ղեկավար Էդիկ Հովհաննիսյանը:

Մոտակա ջրամատակարարման կետը գտնվում է շփման գծի հարևանությամբ, այդ պատճառով էլ տեղի բնակիչները դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնին՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:

«Պատերազմից հետո խնդիրներ են առաջացել այս երկու գյուղերում ջրամատակարարման հետ կապված, դիմեցինք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին: Նրանք շատ արագ արձագանքեցին, շատ շնորհակալ եմ դրա համար»,- շնորհակալություն հայտնեց վարչակազմի ղեկավարը:

«Վերականգնման աշխատանքների վայրում ռուս սակրավորները ստուգել են շրջակա տարածքը՝ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով, որից հետո թույլ են տվել աշխատել ինժեներական սարքավորումներին:

Խողովակաշարի 20 կիլոմետրը փոխարինելուց հետո Արցախի  Թաղավարդ գյուղերի և Կարմիր Շուկայի ավելի քան 2500 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Placeholder
Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունու ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը