Էրդողան․ Ադրբեջանի նախագահը «Զանգեզուրի միջանցքի» հարցով  բանակցություններ է ծրագրում Պուտինի հետ
Քաղաքական
16:46 17/06/2021
Տարածաշրջան

Էրդողան․ Ադրբեջանի նախագահը «Զանգեզուրի միջանցքի» հարցով բանակցություններ է ծրագրում Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դրական է համարում «Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը՝ Ղարաբաղում Զանգեզուրի միջանցք ստեղծելու նախագծի վերաբերյալ, և դա կանխելու մտադրություն չի տեսնում Մոսկվայի կողմից»: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասել է Էրդողանը՝ այսօր Ադրբեջանից վերադառնալուն պես:

«Մենք համարում ենք, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծը շատ կարևոր է և աջակցում ենք դրան: Ես չեմ ընդունում, որ Ռուսաստանը կարող է որևէ տարաձայնություն կամ մտադրություն ունենա հետաձգել դրա իրականացումը: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ բարյացակամ է միջանցքի հարցում», - ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ շուտով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ է ծրագրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Շուտով ես ևս կհանդիպեմ Պուտինի հետ», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի ծառայությունը դեռ չի հայտարարել նման հանդիպման պլանների մասին:

«Կա մեկ ասպեկտ։ Այժմ մենք սահմանափակված ենք հնգամյա համաձայնագրով [Ղարաբաղում զինադադարի մասին]: Եվ մենք կցանկանայինք այս նախագիծն իրականացնել այս հնգամյա համաձայնագրի շրջանակներում»,- ասել է Էրդողանը։

Նա կրկին հիշեցրել է Անկարայի և Բաքվի նախաձեռնությունը` ստեղծել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ հարթակ:

«Այս համատեքստում առաջատար երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: Բայց մենք ուզում ենք, որ Վրաստանը և Հայաստանը միանան»,- ասել է Էրդողանը, հավելելով, թե Վրաստանի կողմից դրական վերաբերմունք կա ծրագրին մասնակցելու վերաբերյալ:

Նշենք, սակայն, որ Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր՝ դեմ է «3+3» պլատֆորմին ու առաջարկում է նորը՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։
 

Placeholder
Էրդողան․ Ադրբեջանի նախագահը «Զանգեզուրի միջանցքի» հարցով բանակցություններ է ծրագրում Պուտինի հետ