Իշխանությունները երեք տարի նստած են այն ճյուղի վրա, որը կտրում են, իսկ այդ ճյուղը մեր պետականությունն է. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
15:57 17/06/2021
Հայաստան

Իշխանությունները երեք տարի նստած են այն ճյուղի վրա, որը կտրում են, իսկ այդ ճյուղը մեր պետականությունն է. Ռոբերտ Քոչարյան

«Մենք պետք է ճիշտ գնահատենք ստեղծված իրավիճակը և բացառենք, որ ամեն ինչին կպնող և չորացնող մարդկանց թիմն իրավունք ունենա շարունակել իր սև գործը»,- Մարտունիում հայտնեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ գործող իշխանությունները երեք տարվա ընթացքում միայն խաթարել են երկրի անվտանգությունը, արհեստականորեն տնտեսական ճգնաժամ են ստեղծել և մեր ժողովրդին հանել են մեկը մյուսի դեմ:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ գործող իշխանությունները երեք տարի նստած են այն ճյուղի վրա, որը կտրում են, իսկ այդ ճյուղը մեր պետականությունն է:

«Այսքանից հետո գլուխներն էլի չի եխնվել (Արցախի բարբառով՝ չի հասկանում- խմբ.), շարունակում են նույն բանն անել»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:

Ընդգծելով, որ համոզված է իր առաջնորդած դաշինքի հաղթանակի մեջ և առանձնապես կանխատեսվող տոկոսներին չի հետևում՝ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ հնչած տեսակետին, թե իշխանություններին 20% ձայն տվող կա և շատ մտահոգիչ համարեց այն և եզրակացրեց, որ Հայաստանը լուրջ ներքաղաքական առողջացման կարիք ունի:

«Իմ ընկերն արտասահմանից զանգել ասում է. «Լսի, կարող է Հայաստանը մի մեծ փորձադաշտի է վերածվել, ձեր ժողովրդի վրա փորձ են անում»,- ներկաներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահը և մտահոգություն հայտնեց, թե ինչու օտարազգի կրթված, կայացած մարդու մոտ նման կասկած պետք է ձևավորվի Հայաստանի մասին:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ինքը այդ խոսքերից վատ է զգացել, քանի որ իրեն պատկերացրել է մի մեծ փորձադաշտի փորձարկվող օբյեկտի կարգավիճակում :

«Ռուսական հայտնի ասացվածք կա «Кролики думали, что это любовь, а на самом деле их разводили»»,- փորձադաշտի գաղափարը և նրա տարրերի դերը պատկերավոր ներկայացրեց դաշինքի առաջնորդը:

Նա նաև հիշեց, որ նախորդ օրը մի ամասիացի էլ հայտնել էր, որ խորն ամոթի զգացում է ապրում  երկրի ներկայիս ղեկավարին տեսնելիս:

«Հիմա մենք այնպես պետք է անեք, որ այդ ամոթը հանենք մեր երկրից, որ դրսից նայողը չկարծի, որ մենք փորձադաշտ ենք և փորձարկման համար նախատեսված ճագարների նման մեր վրա փորձ են անում»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

առաջնորդը:

Placeholder