Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի բռնագաղթված և բազմանդամ ընտանիքներին
Քաղաքական
11:18 18/06/2021
Հայաստան

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի բռնագաղթված և բազմանդամ ընտանիքներին

Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահները նպատակային մարդասիրական օգնություն են տրամադրել Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթած և բազմանդամ ընտանիքներին: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել ՌԴ ՊՆ-ն:

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ թիրախավորված հումանիտար միջոցառման ընթացքում ռուս խաղաղապահները ներքին տեղահանված անձանց և բազմանդամ ընտանիքներին են հանձնել կենցաղային իրեր և սննդի հավաքածուներ:

«Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ դժվար պայմաններում են ապրում բռնագաղթածները: Մենք այստեղ նպատակային օգնություն ցույց տվեցինք և տեսանք, որ ամբողջ հյուրանոցը լցված է փախստականներով, երեք հարկերում կա մեկ խոհանոց և մեկ լվացքի մեքենա »,-ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Դմիտրի Տուսիդին:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել մարդասիրական ակցիան, ազատ սենյակներ չկան, բոլորը տրամադրվել են Հադրութից բռնագաղթած ընտանիքներին:

«Սկզբում դրամի խնդիր կար, մեզ տուն տվեցին, բայց սեփականատիրոջ հետ չկարողացանք պայմանավորվել, հետո մեզ առաջարկեցին այստեղ ապրել: Իրականում ես մարզիկ եմ, բայց հիմա թողել եմ սպորտը, օգնում եմ ծնողներիս»,-ասում է բռնագաղթված (8 հոգանոց ընտանիքի ավագ որդին) Մխիթար Անդրեյանը:

«Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները նպատակային օգնություն ցուցաբերելու անհատական մոտեցում ունեն: Յուրաքանչյուր ընտանիքում կարիքների գնահատում է արվեւոմ`պարզելու, թե ինչ գույք է իրեն անհրաժեշտ:

Նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 100 ընտանիք ապահովվել է առաջին անհրաժեշտության իրերով՝ երեխաների և մեծահասակների հագուստներով ու կոշիկներով, լվացքի փոշիներով, գազայրիչներով, խոհանոցային այլ պարագաներով, սննդի չափաբաժիններով, անկողնային պարագաներով, անձնական հիգիենայի պարագաներով, մանկական խաղալիքներով, ինչպես նաև անհատական բժշկական հավաքածուներով»,-ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Placeholder
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի բռնագաղթված և բազմանդամ ընտանիքներին