Կրեմլը մեկնաբանել է Ադրբեջանում ռազմական բազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը
Քաղաքական
14:35 18/06/2021
Տարածաշրջան

Կրեմլը մեկնաբանել է Ադրբեջանում ռազմական բազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը

ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմաններին հատուկ ուշադրության առիթ է և պատճառ՝ անվտանգության համար միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Անկարայի հայտարարությունը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հավանականության մասին, գրում է Ria-ն։

Նածօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկու երկրների կողմից ստորագրված «Շուշիի համաձայնագրի» շրջանակներում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին:

«Դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը մեր սահմանների մոտ մեզ համար հատուկ ուշադրության առիթ է, ինչպես նաև պատճառ՝  մեր անվտանգության և մեր շահերն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի համար», - լրագրողներին ասել է Պեսկովը:

Ըստ Պեսկովի, այս հարցը Ռուսաստանի սևեռուն ուշադրության կենտրոնում է:

«Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցում: Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը, իրավիճակի ընդհանուր շտկմանը,  և չպետք է պարունակեն որևէ տարրեր, որոնք կարող են լարվածության աճ առաջացնել», - հավելել է Պեսկովը:

Նշվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի օրը ստորագրված «Շուշիի հռչակագրի» տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ գործելու են երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ երկու եղբայրական երկրների զինված ուժերը արդի պահանջներին համապատասխան արդիականացնելու համար»:
 

Placeholder
Կրեմլը մեկնաբանել է Ադրբեջանում ռազմական բազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը