Ի՞նչ է հետևելու քվեարկությանը՝ ըստ ժամանակացույցի
Քաղաքական
08:30 20/06/2021
Հայաստան

Ի՞նչ է հետևելու քվեարկությանը՝ ըստ ժամանակացույցի

Քվեարկության օրը տեղամասային ընտրական կենտրոնում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը սկսում է ժամը 7-ին։ Ժամը 8։00-ին մեկնարկում է քվեարկությունը։

ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները հրապարակվում են քվեարկության օրը ժամը 9-ին։

Ժամը 12։00-ից սկսած մինչև 21։00-ն երեքժամյա պարբերականությամբ  հրապարակվում են մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցածների թվի վերաբերյալ տեղեկություններ՝ ըստ մարզերի, մարզկենտրոնների, 10 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի։ Հետևաբար այդ տեղեկությունները հրապարակվում են ժամը 12։00-ին, 15։00-ին, 18։00-ին, 21։00-ին։

Ստացիոնար բուժում իրականացնող բուժհաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող  ընտրողների ու ռազմաբժշկական հաստատությունում ստացիոներ բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ժամը 8։00-18։00-ն։

Ձերբակալված անձանց պահման վայրում ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է ժամը 8։00-18։00-ն։

Քվեարկությունն ավարտվում է ժամը 20։00-ին։

Էլեկտրոնային քվեարկության արդյունքներն ամփոփվում և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը հրապարակվում է քվեարկության օրը ժամը 20։00-ից հետո։

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումն ավարտվում և արձանագրությունը հրապարակվում է մինչև հունիսի 21-ը, ժամը 8։00-ն։

Քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվում են, արձանագրությամբ վավերացվում են, պաշտոնապես հրապարակվում են մինչև հունիսի 21-ը ժամը 20։00-ն։

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի, ինչպես նաև արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել ընտրություններից մեկ օր անց՝ ժամը 12։00-18։00-ն և ընտրություններից երկու օր անց՝ ժամը 9։00-11։00-ն։

Քվեարկությանը մասնակցածների ցուցակների սկանավորումը սկսվում է հունիսի 21-ի ժամը 12։00-ից, ավարտվում հաջորդ օրը նույն ժամին։ Հրապարակվում են հունիսի 21-ին ժամը 12։00-ին։

Ընտրության արդյունքներն ամփոփվում են և դրանց արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է քվեարկությունից 7 օր անց։

Հուլիսի 4-ին ԿԸՀ-ն որոշում է ընդունում ԱԺ ընտրվելու կամ էլ ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու մասին։

 

Placeholder
Ի՞նչ է հետևելու քվեարկությանը՝ ըստ ժամանակացույցի