«Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան
Քաղաքական
16:59 21/06/2021
Հայաստան

«Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակված ու ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն քվեների 21.04 տոկոսը ստացած «Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

««Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Աժ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր  քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաև իրենց հավանությունը տվեցիn «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:

«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում:
Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացուլում ուժերի իրական հարաբերակցությունը:
Մեր դիտարկումները և  դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր  վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին: Մասնավորապես.

1.             Ձևավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերևույթ գործողություններ:
2.             Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում  է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն և այլն:
3.             Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն և քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:
4.             Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ:
5.             Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը:
6.             Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան:

«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու  ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահնամադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»։
 

Placeholder
«Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան