Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
Քաղաքական
13:54 23/06/2021
Տարածաշրջան

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Հունիսի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգերը:

Լավրովը և Բայրամովը գոհունակությամբ նշել են, որ չնայած նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի բացասական ազդեցությանը, ռուս-ադրբեջանական բազմաբնույթ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, և առևտրատնտեսական փոխգործակցությունը աճում է: Դրան մեծապես նպաստում են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի որոշումների կատարումը, ինչպես նաև Ադրբեջանի վարչապետ Ասադովի՝ ՌԴ վերջերս կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Անդրադարձ է եղել մի շարք թեմաների՝ կապված Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման հետ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող։

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ Եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին արտաքին գործերի նախարարությունների միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ